«Արամ Խաչատրյան» համերգասրահում շարունակվում են սեպտեմբերի 18-ին մեկնարկած Երևանյան 18-րդ միջազգային փառատոնի համերգները (եզրափակիչը՝ նոյեմբերի 14-ին): Հանդես են գալիս ծանոթ ու անծանոթ արտասահմանցի և արտերկրում իրենց մասնագիտական կենսագրությունը շարունակող մեր համերկրացի երաժիշտներն իրենց փայլուն կատարումներով՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ, մաեստրո Էդուարդ Թոփչյանի և նրա արվեստակից այլերկրացիների ղեկավարությամբ:
Aravot.am-ը, ներկա գտնվելով փառատոնային ծրագրերին, փաստում է ամենակարևորը՝ կայացած չորս համերգներն անցան լեցուն դահլիճներով: Բարձրարվեստ կատարումներով հանդիսատեսին գոհացրին դիրիժորներ Կիրիլ Կարաբիցը, Լուիս Կաստիլլո-Բրիսենյոն, Ջեք Գոնզալես-Հարդինգը, դաշնակահարներ Ժան-Էֆլամ Բավուզեն, Իդդո Բար-Շայը, շեփորահար Պաչո Ֆլորեսը, որոնցից մեկ-երկուսը փառատոնային տպավորություններով կիսվել են մեզ հետ, ինչը ներկայացրել ենք:
Հանդիսատեսն ունկնդրեց ինչպես քաջածանոթ ստեղծագործություններ, այնպես էլ պրեմիերաներ: Մեկ խոսուն փաստ արձանագրենք. դասական երաժշտության մեր՝ հայ երկրպագու-հանդիսատեսին վերաբերող: Օրերս, երբ ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ, հունգարացի դիրիժոր Գերգեյ Մադարաշի ղեկավարությամբ, հնչեց նրա համերկրացի, կոմպոզիտոր Կոդայի «Գալանտայի պարեր»-ը, ականջալուր եղանք ունկնդրի խոսքուզրույցին, որում հետևյալ միտքն էր՝ այս հիանալի ստեղծագործությունը ֆիլհարմոնիկը կատարել է քսան, գուցե ավելի տարիներ առաջ, ու հիմա էլ ենք մեծագույն հաճույքով լսում:
Խնդրանքին՝ մեր ընթերցողին ներկայացնել հատկապես այդ ստեղծագործության հանդեպ հանդիսատեսի նման ուշադրության ու ոգևորության պատճառը, դիրիժոր Մադարաշը, նախ ներկայացնելով կոմպոզիտորին, հայտնեց, որ Զոլտան Կոդայը նաև երաժշտագետ է ու բանահավաք, հունգարական ժամանակակից ազգային երաժշտական մշակույթի հիմնադիրներից, իսկ այդ երկը նա գրել է 1933 թվականին՝ Բուդապեշտի ֆիլհարմոնիկ ընկերության 80-ամյակի կապակցությամբ, հետո էլ մանրամասնեց. «Ստեղծագործության հիմքում ընկած է ավանդական հունգարական Վերբունկոշ պարի մեղեդին ու ռիթմերը: Ինչպես ունկնդրեցիք, ստեղծագործությունը սկսվում է դանդաղ, վեհաշուք ներածությամբ, որտեղ կարևոր դեր ունի կլարնետի սոլոն, որն աստիճանաբար ընթանում է՝ վերածվելով կայծակնային, կրակոտ ու արագ պարային հնչերանգների: Ի դեպ, այս երկը հայ հանդիսատեսի օրինակով բուռն ընդունելության է արժանանում այլ ժողովուրդների մոտ նույնպես»:
Հարցին, թե դիրիժորն իր երկացանկում ունի՞ հայ հեղինակի ստեղծագործություն, մեր զրուցակիցը ժպտալով պատասխանեց. «Իհարկե, ունեմ: Առայժմ մեկը՝ Խաչատրյան: Ունեմ նաև հարուստ երաժշտական գրադարան, որ երկու, երեք կյանք էլ ապրեմ, չեմ հասցնի բոլորը կատարեմ (ժպտում է): Ասեմ նաև, որ ֆլեյտահար եմ և Խաչատրյանի Ջութակի կոնցերտը՝ փոխադրումով, տասնյակ անգամներ հնչեցրել եմ տարբեր նվագախմբերի ընկերակցությամբ: Նշեմ նաև, որ գրադարանումս իր տեղն ունի նաև Ղազարոս Սարյանի «Հայաստան» սիմֆոնիկ պաննոն»:
Այնուհետև դիրիժոր Մադարաշը ներկայացրեց առաջին անգամ Երևանում արդեն հանդես եկած հարավկորեացի երիտասարդ ջութակահար Հեյուն Փարքերին՝ շեշտելով, որ նա միջազգային ճանաչում է ձեռք բերել որպես տաղանդավոր մենակատար և կամերային երաժիշտ, գերծանրաբեռնված հյուրախաղային գրաֆիկի շրջանակներում ելույթներ է ունենում աշխարհի առաջատար նվագախմբերի ու դիրիժորների հետ: Հետաքրքրությանը՝ թե ունենալով գերծանրաբեռնված հյուրախաղային գրաֆիկ, երկրից-երկիր շրջագայելով, ամեն անգամ նոր ծրագրո՞վ եք հանդես գալիս, ջութակահարի պատասխանը հակիրճ էր. «Ոչ, օրինակ՝ մինչ երևանյան համերգը, այս՝ Բրուխի կոնցերտը կատարեցի նաև Լոնդոնում»:
Լայն ընթերցողին հետաքրքիր է իմանալ, որ կոմպոզիտորի այս կոնցերտը այնպիսի հաջողություն է գրանցել աշխարհում (առաջին կատարումը՝ 1868 թ.), որ ստվերում է նրա մյուս բոլոր ստեղծագործությունները, իսկ կյանքի վերջին տարիներին կոմպոզիտորը՝ Բրուխը, ծանր է տարել այդ իրավիճակը, որ իրեն ճանաչում են միայն այս մեկ ստեղծագործությամբ: Ի դեպ, կոնցերտի փայլուն մեկնաբան է համարվում Սերգեյ Խաչատրյանը:
Շարունակելով խոսել իր գերծանրաբեռնված գրաֆիկից՝ Փարքը հավաստիացրեց, թե ժամանակ է գտնում նաև CD-ներ թողարկել. վերջինը օրեր առաջ էր՝ Շոստակովիչի և Բոսմանսի ջութակի կոնցերտներով: Այս տարի քիչ չեն եղել նաև կամերային երաժշտության համերգներով երեկոները: Ջութակահարը բարձրաձայնեց ավստրիաբնակ դաշնակահար Նարե Արղամանյանի անունը, որի ընկերակցությամբ, իր խոսքով՝ պարզապես անմոռանալի են և՛ փորձերը, և՛ բեմելները: Հավանաբար ենթադրելով մեր հաջորդ հարցը՝ ջութակահարը ժպիտով ասաց. «Առայժմ ոչ, բայց ոչ թե ցանկություն ունեմ, այլ երազում եմ ներկայացնել Խաչատրյանի կոնցերտը, ինչը կիրականացնեմ շատ շուտով»:
Սամվել Դանիելյան
Լուսանկարները՝ ֆիլհարմոնիկ նվագախմբի ֆեյսբուքյան էջից
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: