Քաղաքականություն
30.10.2026 | 19:48
Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Էդմոն Մարուքյանի խոսքով՝ Սահմանադրության նախագծի վերջնական տեքստը դեռ պատրաստ չէ։ Խորհրդի նիստի ավարտից հետո Մարուքյանը Factor TV-ի հետ զրույցում նշեց, որ ամբողջ օրվա ընթացքում պահանջել է փաստաթուղթը, սակայն այն չի ներկայացվել։
«Այս պահին այդ տեքստը չկա, ամբողջ օրը պահանջել եմ, չկա տեքստը»,- հայտարարեց Մարուքյանը։
Նրա խոսքով՝ քանի որ նախագիծը մշակում է Արդարադատության նախարարությունը, այն պետք է ներկայացվի խորհրդին՝ անդամների առաջարկներն ու դիտողությունները քննարկելու համար։
Մարուքյանը կարծում է, որ մինչև նոյեմբերի կեսին նախատեսվող տեքստի հրապարակումը խորհուրդը պետք է ավելի ինտենսիվ նիստեր հրավիրի։
Անդրադառնալով նախաբանից Անկախության հռչակագրին հղումը հանելուն՝ Մարուքյանն ընդգծեց, որ իրենք առաջին իսկ օրվանից դեմ են եղել դրան։ Միաժամանակ նշեց, որ իր օրակարգում է նաև սուպերվարչապետական համակարգի վերացումը։
Նիստում քննարկվել է դատական իշխանությանը վերաբերող գլուխը, այդ թվում՝ երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման հարցը։ Հաջորդ նիստի օրը դեռ հայտնի չէ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Արփի Հակոբյան