Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) առևտրի հարցերով կոլեգիայի անդամ Անդրեյ Սլեպնևը Չինաստան աշխատանքային այցի շրջանակում այցելել է Ցինդաո քաղաքում գործող «Չինաստան–ՇՀԿ» տարածաշրջանային առևտրատնտեսական համագործակցության փորձնական գոտի։
Այն միջազգային կարևոր նախագիծ է, որի նպատակն է ընդլայնել Չինաստանի կապերը Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների հետ։
Ցուցադրական գոտու տարածքում գործում են ԵԱՏՄ անդամ երկրների մի շարք առևտրային տներ և տարածաշրջանային ներկայացուցչություններ, որոնք աջակցում են իրենց ընկերություններին չինական շուկա մուտք գործելու հարցում։
Մասնավորապես, այստեղ ներկայացված են Բելառուսի տաղավարը, Ղազախստանի ցուցադրական տաղավարներն ու ցուցափեղկերը, ռուսական արտադրանքի առևտրի տունը, ինչպես նաև Ռուսաստանի Նովոսիբիրսկի մարզի տեղեկատվական-գործարար կենտրոնը։
ԵՏՀ ներկայացուցիչն այցելել է նաև «ՇՀԿ մարգարիտ» միջազգային ցուցահանդեսային կենտրոն, որտեղ ներկայացված են ՇՀԿ անդամ երկրների արտադրողների ձեռքբերումների ցուցահանդեսը և «Ռուսաստան» ազգային տաղավարը։