ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը պահանջում է հանրային խոսքում բացառել ազգային կամ էթնիկ խմբերին պիտակավորող ու թիրախավորող ձևակերպումները: Նա հայտարարություն է տարածել ֆեյսբուքյան էջում։
«Անընդունելի է «թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի», «քոչվոր» և այլ համանման ձևակերպումները որպես վիրավորանք կամ անձին ու անձանց խմբին նսեմացնելու, թիրախավորելու միջոց օգտագործելը»,– ընդգծել է ՄԻՊ–ը։
Մանասյանը նշել է` նույնքան անընդունելի է այնպիսի ձևակերպումների օգտագործումը, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն թիրախավորում են ազգային կամ էթնիկ որևէ խմբի պատկանող անձանց, նպաստում նրանց նկատմամբ խտրական վերաբերմունքի, անհանդուրժողականության կամ ատելության տարածմանը։
«Անձի ազգային կամ էթնիկ պատկանելությունը չի կարող ներկայացվել որպես բացասական հատկանիշ կամ օգտագործվել որևէ մեկին վարկաբեկելու նպատակով։ Նման խոսքը թիրախավորում է հենց համապատասխան ազգային կամ էթնիկ խմբին՝ խորացնելով նրանց նկատմամբ բացասական կարծրատիպերն ու նախապաշարմունքները»,– գրել է Մանասյանը։
ՄԻՊ-ն ընդգծել է, որ քաղաքական բանավեճը, տարաձայնությունները կամ որևէ անձի վարքագծի քննադատությունը չեն կարող արդարացնել ազգային պատկանելության հիմքով վիրավորական, խտրական կամ ատելություն սերմանող արտահայտությունները։
Մանասյանը կոչ է արել հանրային իշխանության ներկայացուցիչներին, քաղաքական և հասարակական գործիչներին, լրատվամիջոցներին ու հանրային քննարկումների մյուս մասնակիցներին ոչ միայն զերծ մնալ նման խոսքից, այլև ակտիվորեն հակազդել դրա տարածմանը։