«Վստահ եմ՝ դատական հեռանկար չունեցող այս գործում շուտով նաև դուք արդարացումները կտեսնեք։ Գրեթե համոզված եմ դրանում»,-ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունների կողմից Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնի համար որպես համաձայնեցված միասնական թեկնածու առաջադրված ՀՅԴ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Լևոն Լևոնյանի հարցին կապված Հակակոռուպցիոն կոմիտեի հայտարարության հետ, ըստ որի ԵՊՀ պատմության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնի վարիչ Էդիկ Մինասյանին, ով Արծվիկ Մինասյանի եղբայրն է, կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանք է ներկայացվել։
«Այն, ինչ հրապարակային փորձ է արվում ներկայացնել, իրականության հետ բացարձակ կապ չունի»,- ընդգծեց Մինասյանը՝ նշելով, որ կան բազմաթիվ ինֆորմացիաներ, որոնք մեծ հաշվով նախաքննական գաղտնիք են, այս ամբիոնից չի կարող հրապարակային ներկայացնել։ Իսկ հանգամանքներին մանրամասն տիրապետում է, քանի որ փաստաբանական թիմի հետ աշխատում է։ «Ձերբակալվել է 2 պաշտոնյա, իմ խորին համոզմամբ երկուսի մասնակցությունն էլ բացարձակ կապ չունի ներկայացված մեղադրանքի ծավալի, էության, առավել ևս հանրային հնչեղության հետ։
Ես չեմ ուզում ասել պատվերով սարքված… Խուսափում եմ նման բառեր օգտագործել։ Ասում եմ՝ անգամ եթե նույնիսկ թյուրիմացության է, շատ շուտով կշտկվի, կունենանք արդարացման վճիռներ»,- ասաց Ա. Մինասյանը։