Արմեն Բաբալարյան. «Կարեն Ասլանյանն ապացուցեց, որ 63 կգ քաշային կարգում ինքն աշխարհում առաջինն է»

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը ամփոփելով իր սաների մասնակցությունը Ղազախստանում անցկացված աշխարհի առաջնությանը՝ նշեց, որ առաջին անգամ աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած Կարեն Ասլանյանից ինքն ավելի վաղ էր ոսկի սպասում թե Եվրոպայի, թե աշխարհի առաջնություններում։ «Բայց ամեն անգամ ինչ-որ բան խանգարում էր։ Կարենը միշտ հանդես է եկել 67 կգ քաշային կարգում։ Բայց արդեն քանի տարի ուժերը փորձում է 63 կգ-ում եւ քաշային կարգի ռեժիմը պահում է շատ հստակ։ Ինքն այս մրցելույթով ապացուցեց, որ ինքն այսօր աշխարհում առաջինն է այդ քաշային կարգում»,-ասաց մարզիչը։

Կարեն Ասլանյան

Արմեն Բաբալարյանն առանձին-առանձին վերլուծեց բոլոր ըմբիշների մրցելույթները, խոսեց նրանց թույլ տված սխալների, մրցավարական վրիպումների մասին, անդրադարձավ մեծահասակների մեջ դեռեւս առաջին քայլերն անող Սուրեն Աղաջանյանին եւ փորձառուներ Սլավիկ Գալստյանին ու Մալխաս Ամոյանին, որոնցից չեմպիոնական մեդալներ էին ակնկալում։

Արմեն Բաբալարյան

«Սուրենը երկու անընդմեջ հաղթանակ տանելուց հետո երրորդ գոտեմարտում պարտվեց օլիմպիական խաղերի մրցանակակիր չինացուն։ Բայց պետք է ասեմ, որ Սուրենը, ճիշտ է, երիտասարդ է, բայց գորգի վրա ատամ է ցույց տալիս ավելի մեծ արդյունքներով մրցակիցներին եւ արժանի էր անգամ չեմպիոնության»,-ասաց Բաբալարյանը։ Նա Սուրենի կրած պարտությունը ավելի շատ համարում է փորձի եւ հոգեբանական պատրաստվածության պակասի հետեւանք։

Սլավիկ Գալստյանի մասին մարզիչն ասաց, որ նա կիսաեզրափակչում պարտված Ուզբեկստանի ներկայացուցչի նկատմամբ երկու ամիս առաջ միջազգային խոշոր մրցաշարում մաքուր հաղթանակ էր տարել։ «Այստեղ Սլավիկը նրան պարտվեց 1։4 հաշվով։ Ինձ թվում է, որ մարզչական առաջադրանքը, որ տվյալ գոտեմարտի համար դրվել էր նրա առջեւ, Սլավիկը չկարողացավ կատարել։ Իսկ բրոնզե մեդալի համար օլիմպիական խաղերի մեդալակիր, աշխարհի չեմպիոն կուբացու հետ գոտեմարտում նա ունեցավ երկու հնարավորություն ընթացքը փոխելու իր օգտին, բայց դա անել չստացվեց»։

Մեր ամենափորձառու ըմբիշ Մալխաս Ամոյանի՝ երկրորդ գոտեմարտում պարտությունը հավաքականի գլխավոր մարզիչը վերագրեց նրան, որ Մալխասը հավանաբար դեռ ամբողջովին չէր վերականգնվել, ինչպես նաեւ մրցավարության կասկածելի որոշումներին։

Գեւորգ Թադեւոսյան

«Բրոնզե մեդալակիր դարձած Գեւորգ Թադեւոսյանի մոտ էլ միշտ ինչ-որ բան չէր ստացվում։ Չնայած այստեղ նրա մրցակիցները Եվրոպայի ու աշխարհի չեմպիոն էին, ինքն ապացուցեց, որ իր խոսքն ունի ասելու 87 կգ քաշային կարգում»,-ասաց Արմեն Բաբալարյանը։

Սամվել Գեւորգյան

Աշխարհի նորընծա չեմպիոն Կարեն Ասլանյանի անձնական մարզիչ Սամվել Գեւորգյանը նշեց, որ Կարեն Ասլանյանի ոսկե մեդալը երկար սպասված էր եւ հույս հայտնեց, որ կանեն ամեն ինչ, որպեսզի այդ մեդալները կրկնվեն։ «Մենք Կարենի հետ միասին երկար ճանապարհ ենք անցնում նրա 37 կիլոգրամ քաշից սկսած։ Երազում էինք, որ այս մեդալը ունենանք։ Աշխարհի առաջնությունից առաջ Արմեն Բաբալարյանն ինձ ասաց, որ Կարենը չեմպիոն է դառնալու։ Ու փառք Աստծո, նա չսխալվեց»,-ասաց Սամվել Գեւորգյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment