Այսօրվա խորհրդարանական մշակույթը նախկինի հետ համեմատելով, դիվանագետ, ՀՀՇ հիմնադիր անդամ, 1995-1998 թվականներին ՀՀ ԱԺ փոխնախագահ Արա Սահակյանը, որը 1990-ականների Հայաստանի քաղաքական էլիտայի ամենաազդեցիկ դեմքերից էր, ասում է. «Մենք էլ մի բարի պտուղ չենք եղել, բայց նախագահը կամ վարչապետը խորհրդարանում ծեծկռտուք չեն պատվիրել»:
– Այն ժամանակվա դեպքերից ես հիշում եմ միայն 96 թվականի ընտրություններից հետո եղած միջադեպը:
– Չէ: Այն ժամանակ էլ կար՝ Լեդի Հակոբի, Ալրաղացի Լյովիկի հետ կապված դեպքերը եւ այլն, բայց պառլամենտական պայքարի ու մեթոդների մեջ էր մտնում:
– Այսօր գրել էր, որ կարծում էր, թե ընդդիմությունը ֆիզիկապես ուժեղ է, բայց, փաստորեն, թույլ է։ Այսինքն՝ խրախուսո՞ւմ է ուժի գործադրումը:
– Ամենաթարմ օրինակը՝ գործադիրի այդպիսի ղեկավարի, Ֆիլիպինների նախագահն էր՝ Ռոդրիգո Դուտերտեն, որին ձերբակալեցին Մանիլայի օդանավակայանում, ինքնաթիռի շարժասանդուղքի վրա, եւ հիմա նա գտնվում է կալանավայրում: Նա խելահեղության աստիճանի ցինիկ էր, մասնակցում էր հանցավոր խմբերի շուրջկալներին, անձամբ գնդակահարում էր թմրանյութ տարածողներին: Բայց պետության մեջ դրա համար կան ընթացակարգեր, օրենքներ, ոչ թե պետության ղեկավարը պետք է թուր ու թվանքը կախի կողքը ու գնա: Հիմա մերն այդ ճանապարհն է ոնց որ բռնել, դե թող շարունակի: Մենք երեւի այս դժոխքի միջով պետք է անցնենք՝ արդեն անցնում ենք, բայց պետք է գնանք մինչեւ վերջ: Նույնիսկ այն, որ իրենից հետո ԱԺ նախագահն ու նրա տեղակալներն արագ արձագանքեցին, իրենք դրանով ցույց են տալիս, որ խորհրդարանում չկա ուրույն կարծիք՝ գոնե ներքին կյանքին վերաբերող հարցերում:
– Հանդուրժողականություն չկա, նկատե՞լ եք: Եթե ընդդիմադիր պատգամավորները մի բացասական բան են ասում, միանգամից անջատում են խոսափողը, զգուշացնում են, թե՝ ձեր ժամանակն ավարտվեց, իսկ իրենք ամբիոնից վիրավորանքներ են հնչեցնում: Այսինքն՝ «չար դաստիարակները» կարող են վիրավորել, իսկ «երեխաները»՝ ոչ:
– Ինչպես տեսնում եք, սա ավելի խոր խնդիր է՝ իշխանության մյուս ճյուղերը կոտրելու: Խորհրդարանն այսօր Հայաստանում կառավարության շարունակությունն է: Եթե հիշում եք, նա դատարանների նկատմամբ էլ էր նույնն անում, դատարանների դռներն էին փակում, դատավորներին էին ճնշում: Հիմա Հայաստանում, ըստ միջազգային դասակարգման, հիբրիդային վարչախումբ է հաստատվել, ոչ թե ժողովրդավարական, թող չկեղծեն: Եվ ոչ մի նշույլ չկա դեպի ավելի բարձր կարգ տեղափոխվելու, հակառակը՝ իջնում ենք ներքեւ: Հայաստանը լատենտ, թաքնված, թաքուն սողում է դեպի բռնապետություն:
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: