«Երբ Փաշինյանն ասում էր, որ մենք դեռ կփորձենք ստանալ երաշխիք, որ այլ պահանջներ չեն լինելու, դա նշանակում է, որ հիմա էլ չունեն». Արամ Վարդևանյանը՝ խաղաղության պայմանագրի ադրբեջանական պահանջների մասին

«Կարծում եմ՝ այդ ամեն ինչի վերաբերյալ Նարեկ Կարապետյանը առավել քան սպառիչ պատասխան է տվել։ Ազգային ժողովում, բնականաբար, պետք է լինի օրենսդրական գործունեության ներկայացուցչական մանդատի ընդհանուր պատասխանատվություն ՀՀ քաղաքացիների առջև ծառացած խնդիրների վերաբերյալ մթնոլորտ։ Բայց իրականությունը այլ է լինում, որի հետ մենք, այսպես ասած, որևէ խնդիր չենք տեսնում։ Կլինի՞ այդ վիճակը՝ կլինի այդ վիճակը։ Կպատասխանենք»,- ԱԺ միջանցքում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ, «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով այսօր ԱԺ նիստերի դահլիճում, այնուհետև միջանցքում իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև տեղի ունեցած ծեծկռտուքին։

«Սակայն դրա համար ժողովրդից նաև ներողություն ենք խնդրել, որովհետև հանրության առջև պատասխանատվության տեսանկյունից սա դրական երևույթ չէ։ Բայց միաժամանակ նաև մեր գործողությունների տեսանկյունից մեր հայրենակիցներն ի սկզբանե իմացել են, որ ամեն ինչին էլ պատրաստ ենք։

Մի ուրիշ բան ասեմ։ Երեկվա հարց ու պատասխանը երևի ինչ-որ նստվածք, հետևանք է թողել։ Երեկ Նիկոլ Փաշինյանի խոսույթից, փաստորեն, մի հետաքրքիր հանգամանք է բացահայտվել, որ խաղաղության պայմանագրի շրջանակներում, երբ խոսում էին իբրև խոչընդոտը սահմանադրության փոփոխությունն է, այսօրվա իր ճեպազրույցից պարզ է դառնում, որ այդպես էլ չի։ Ստացվում է, որ Ադրբեջանը նույնիսկ այդ պայմանում էլ պատրաստ չի։ Պատկերացրի՞ք։ Երբ ինքն ասում էր, որ մենք դեռ կփորձենք ստանալ երաշխիք, որ այլ պահանջներ չեն լինելու, դա նշանակում է, որ հիմա էլ չունեն։ Բայց իրենց խոսույթը, եթե հիմա մի քանի ժամ հետ գնանք, կհիշեք, որ իրենք ասում էին, որ խաղաղությունը արդեն կա։

Եվ ես իմ ելույթում ինչի՞ համար ասացի՝ եթե խաղաղությունը կա, ինչի՞ համար եք ոտնձգություն նախապատրաստում սահմանադրության նկատմամբ։ Իմ խոսքը բավականին կարճ է և այնպես չի, որ տարբեր շերտեր իր մեջ պարունակում է։

Առաջինը հստակ արձանագրումն էր նրա, որ 2025 թվականի օգոստոսի վաշինգտոնյան այսպես ասած բանակցությունները և պայմանավորվածությունները զրո առնչություն ունեն սահմանադրության փոփոխության օրակարգի հետ։

Երկրորդ հանգամանքը, որ ընդգծել եմ, ասել եմ, որ եթե դուք արդեն խոսում եք այն մասին, որ խաղաղությունը կա, բա ինչի՞ համար այդ պայմանագիրը չեք ստորագրում։

Երրորդը, որ ընդգծել եմ, ասել եմ՝ եթե ստացվում է խաղաղությունը կա այն աստիճանի, ինչպես դուք ներկայացնում եք, որ արդեն առևտրաշրջանառություն կա, բեռները, մեքենաները գնում-գալիս են, սահմանին որևէ մի լարվածություն չկա, այդ դեպքում ուրեմն խաղաղության պայմանագրի կարիքն էլ չկա։

Պարզվեց, այս երեքից միայն առաջինի մասով կարծես թե առարկություն չկա, որովհետև եթե հիմա էլ փորձեն ասել, որ նախագահ Թրամփի գրպանում պետք է տեղավորեն սահմանադրության փոփոխության հարցը, երևի թե ամոթ կլինի։ Որովհետև նման բան երբևէ չի քննարկվել և երբևէ չի էլ կարող քննարկվել։ Ճիշտ հասկացեք։ Որովհետև երկու ինքնիշխան պետությունների մեջ չի կարող այդպիսի հարաբերություն լինել։

Ի դեպ, ես այստեղ կարող եմ նաև հիշեցնել։ Հենց նույն Նիկոլ Փաշինյանը խոսում է նրա մասին, որ Ադրբեջանի սահմանադրությունը խնդիրներ ունի, եթե նայում ենք ընդհանրապես այն բանաձևով, որով հնարավոր է դիտարկել։ Ի վերջո, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաճախ նաև մեր հայրենակիցների առջև աչքի է ընկել իրենց կողմից ինչ ուզեն՝ խոսեն տրամաբանությամբ։ Դրանք նույն մարդիկ են, որոնք ասում էին. եթե «Քաղաքացիական պայմանագիրը» սահմանադրական մեծամասնություն չստանա, սեպտեմբերին աղետալի պատերազմ է լինելու։ Նույն կուսակցության մասին ենք խոսում։ Չեն ստացել։ Ժողովուրդը չի տվել։ Աղետալի պատերազմի մասին խոսք չկա։ Ավելին, հենց իրենք իրենց հակասում են։ Մյուս կողմից ասում են՝ ամեն ինչ միայն խաղաղության մասին է։ Ու այդտեղ էլ մեզ հակադարձում են, ասում են՝ ինչի՞ համար դուք TRIPP-ին կողմ չեք քվեարկում։

Երբ մենք ասում ենք՝ ստացվում է, որ Ադրբեջանը հերթական անգամ ձեզ խաբել է, քցել է, նույն հաջողությամբ իրենք մեր հայրենակիցներին են խաբում։ Որովհետև երբ ասում են՝ տեր կանգնիր խաղաղությանը, ուրեմն խաղաղությունը պետք է լինի, չէ՞։ Բայց ստացվում է՝ խաղաղությունը չկա։ Ամբողջ խնդիրն այդտեղ է։ Որովհետև եթե կա, ուրեմն խնդիր չկա, չէ՞։ Ի՞նչն է խաղաղության պայմանագրի ստորագրման դժվարությունը։ Չէ՞ որ եթե խաղաղություն կա, մենք նույնիսկ կարող էինք ասել՝ ընդհանրապես ի՞նչ պայմանագրի մասին ենք խոսում։ Բայց դուք գիտեք, չէ՞, որ այդ նույն բեռնափոխադրումների հետ կապված, երբ խոսում են, Հայաստան-Ադրբեջան չկա»,- ասաց Արամ Վարդևանյանը։

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment