Գագիկ Խաչատրյանի կալանքը երկարաձգվեց ևս 2 ամսով, փաստաբանն անօրինական որակեց նրա կտավների ցուցադրությունը

«Դատարանը որոշումը հրապարակեց, որոշեց 2 ամսով երկարաձգել Գագիկ Խաչատրյանի կալանքը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գագիկ Խաչատրյանի պաշտպան, փաստաբան Երեմ Սարգսյանը՝ հավելելով, որ այս պարագայում ընտանիքի անդամները կարող են տեսակցել նրան, մինչդեռ նախկինում դա արգելված էր:

«Ակնհայտ էր, որ միակ որոշումը պետք է լիներ կալանքը չերկարացնելը, գոնե պետք է տնային կալանք լիներ, որպեսզի բուժում ստանար, ընտանիքի անդամները խնամք ապահովեին, բժիշկները այցելեին, կարողանար գնալ բժշկական հաստատություն: Ամեն դեպքում դատարանը որոշեց երկարացնել»,- ասաց փաստաբանը: Նշեց, որ դեռևս չեն ստացել դատարանի որոշումը, դրա համար չի կարող իր վերջնական կարծիքն ասել:

Ճեպազրույցի ընթացքում, ի թիվս այլնի, անդրադարձ եղավ նաև Գագիկ Խաչատրյանին պատկանող կտավների անվճար հանրային ցուցադրությանը Հայաստանի ազգային պատկերասրահում:

 

Փաստաբանի ձևակերպմամբ՝ դրանից անօրինական բան դժվար է պատկերացնել. «Ո՞վ իրավունք ունի ուրիշի սեփականությունը, որը որ իրեն ի պահ է հանձնած, որոշի՝ ցուցադրում է, թե չի ցուցադրում: Անիմաստ եմ համարում դրա մասին շատ խոսելը, բայց եթե դու արվեստի գործ ես դիտարկում, արվեստի գործը մարդիկ ձեռք են բերում նրա համար, որ սա իրենցը լինի, և իրենք կուզենան՝ կցուցադրեն կամ ոչ: Երբեմն արժեքներ կան, որ հենց իրենց ամբողջ արժեքը նրանում է, որ դա ազատ ցուցադրման ենթակա չի: Այսինքն՝ ո՞վ ձեզ այդ իրավունքը տվել, որ ցուցադրեք ուրիշի սեփականությունը… Նման իրավունք չի կարող Քննչական կոմիտեն տալ, վստահ եմ՝ երբ Քննչական կոմիտեին հարցնենք, իրենք էլ ասելու են, որ մենք ընդամենը ի պահ ենք տվել: Ի պահ նշանակում է՝ դու պետք է պահպանես անվտանգ: Դու նաև իրավունք չունես ուրիշի սեփականությունը բացահայտելու…»:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment