Իսրայելում ընտրությունների հաշվարկը մոտենում է ավարտին․ մեծամասնություն չի նշմարվում

Քաղաքականություն

29.10.2026 | 11:37

Իսրայելում ձայների 90,4%-ի հաշվարկից հետո երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորած դաշինքը խորհրդարանում կապահովի 53 մանդատ, իսկ ընդդիմությունը՝ 67։ Ընդդիմության մանդատներից 48-ը բաժին է ընկնում բանակի գլխավոր շտաբի նախկին ղեկավար Գադի Էյզենկոտի դաշինքին, իսկ 19-ը՝ արաբական մեծամասնություն ունեցող կուսակցություններին, գրում է France 24-ը։

Սա վկայում է, որ ո՛չ Նեթանյահուի իշխող դաշինքը, ո՛չ էլ նրա գլխավոր մրցակիցը՝ բանակի նախկին բարձրաստիճան հրամանատար Գադի Էյզենկոտի գլխավորած դաշինքը, չեն ստացել խորհրդարանում մեծամասնություն կազմելու համար անհրաժեշտ 61 մանդատ։

Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնել է, որ փոստով ուղարկված քվեաթերթիկների հաշվարկը սկսվել է հինգշաբթի՝ տեղական ժամանակով 01:00-ին։

Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը չորեքշաբթի կոչ է արել քաղաքական կուսակցություններին «անել ամեն ինչ»՝ կառավարող կոալիցիա ձևավորելու և նոր ընտրություններից խուսափելու համար։ Կոչը հնչել է խորհրդարանական ընտրությունների հաջորդ օրը․ ընտրությունների արդյունքում որևէ ուժի չի հաջողվել ապահովել մեծամասնություն, իսկ արաբական կուսակցությունները գրանցել են տպավորիչ առաջընթաց։

Հերցոգը, որն առանցքային դեր է ունենալու հաջորդ կառավարությունը ձևավորելու փորձ կատարող անձի ընտրության հարցում, կոչ է արել բոլոր կուսակցություններին՝ բանակցությունների ժամանակ «բաց մտքով» մոտենալ գործընթացին։

«Ես պաշտոնական ընտրական արդյունքները կստանամ հաջորդ շաբաթ։ Այնուհետև կսկսեմ խորհրդակցությունները՝ լսելով յուրաքանչյուր խմբակցության կարծիքը, հարցեր տալով և քննարկումներ անցկացնելով»,- ասել է Հերցոգը։

Սովորաբար նախագահը կառավարություն ձևավորել հանձնարարում է ամենաշատ ձայներ ստացած կուսակցության առաջնորդին, թեև պարտավոր չէ հետևել այդ ավանդույթին։ Նշանակված թեկնածուն 42 օր ունի կառավարող կոալիցիա ձևավորելու համար։

«Մի բան պետք է հստակ լինի․ ինչպես ընտրություններից առաջ, այնպես էլ հիմա ես կարծում եմ, որ պետք է անել հնարավոր ամեն ինչ՝ նոր ընտրություններից խուսափելու համար։ Ուստի ակնկալում եմ, որ այստեղ եկող բոլորը բանակցություններին կմոտենան բաց մտքով»,- նշել է Հերցոգը։

2019 թվականի ապրիլից մինչև 2022-ի նոյեմբեր Իսրայելում համեմատաբար կարճ ժամանակահատվածում անցկացվել է հինգ համընդհանուր ընտրություն՝ կառավարող կոալիցիաներ ձևավորելու կամ պահպանելու նմանատիպ դժվարությունների պատճառով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment