Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները տեղի կունենան նոյեմբերի 4-ից ոչ շուտ։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Հստակ է, որ դա տեղի կունենա նոյեմբերի 4-ից հետո»,- լրագրողներին ասել է նա։
Ուշակովի խոսքով՝ բանակցությունների հստակ ամսաթիվը կորոշվի առաջիկայում։ Դրա հաստատումը կախված կլինի նաև մարտի դաշտում տիրող իրավիճակից։
«Հիշում եք, թե ինչու չեղարկվեց բանակցությունների նախորդ փուլը, որն իբր համաձայնեցված էր։ Սակայն հետո հենց ուկրաինացիները տապալեցին այն»,- հայտարարել է Ուշակովը։
Նա հավելել է, որ Ռուսաստանի պատվիրակության կազմը դեռևս ձևավորված չէ։
Անցած շաբաթ Օսլոյում տեղի է ունեցել հանդիպում, որին մասնակցել են Վլադիմիր Զելենսկին, Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը, Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։
Հաջորդ օրը ամերիկացի բանակցողը մեկնել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ Վլադիմիր Պուտինին ներկայացրել է ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ մոտեցումներ պարունակող փաստաթղթեր։
Ռուսաստանի նախագահն իր հերթին Ուիթքոֆին տեղեկացրել է Վաշինգտոնի և Կիևի մասնակցությամբ եռակողմ ձևաչափով խորհրդակցությունները վերսկսելու Մոսկվայի պատրաստակամության մասին։
Ինչպես նշել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, Աբու Դաբիում նախատեսվող հանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն Ռուսաստանի և Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցերը։