DJ պրոռեկտոր, հեռացված դասախոսներ, տեսախցիկներ լսարաններում. ինչ է կատարվում Գեղարվեստի ակադեմիայում

Aravot.am-ին մտահոգություններ են փոխանցվել Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում տիրող իրավիճակի վերաբերյալ: Ըստ մեզ փոխանցված տեղեկությունների՝ ակադեմիայի ներկայիս ղեկավարությունը հարվածի տակ է դրել հատկապես ակադեմիական գեղանկարչության ապագան: Մեզ նաև փոխանցեցին, որ բուհի ռեկտոր Վարդան Ազատյանը պրոռեկտոր է նշանակել 28-ամյա DJ Էլեն Սարգսյանին, որը դրանից առաջ եղել է ռեկտորի խորհրդականը, սակայն վերջինս մագիստրոսի աստիճան չունի, մինչդեռ բուհի կանոնադրությամբ պրոռեկտորը, ռեկտորի խորհրդականը պետք է ունենա բարձրագույն կրթություն՝ մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճան և առնվազն 5 տարվա գիտական կամ մանկավարժական աշխատանքային ստաժ:

«Իրենց խմբով բոլորին հնձելով գնում են, մարդկանց կանչում, ասում են՝ դուրս արի, քեզ չենք վստահում: Ասում են՝ կամ մեր թիմից ես, կամ մեզ հետ չես աշխատելու: Մյուս պրոռեկտորը Հայկ Պարոնյանն է՝ համակարգից, որն ակադեմիան սարքել է կազարմա: Կտրել են նաև լաբորատորիաների ֆինանսավորումը, արշավ են սկսել լաբորատորիաների վրա»,- փոխանցեցին ակադեմիայից: Նաև տեղեկացրին, որ արդեն մի քանի տասնյակ աշխատակից է հեռացել Գեղարվեստի ակադեմիայից, ազատվում են եզակի մասնագետներից, ակադեմիայում անընդհատ կառավարման ճգնաժամ է ստեղծվում: Բուհում դժգոհ են նաև ամենուր՝ ներառյալ բոլոր լսարաններում տեղադրված տեսախցիկներից:

Aravot.am-ը թեմայի վերաբերյալ հարցում էր ուղարկել ակադեմիայի ռեկտոր , արվեստագիտության թեկնածու Վարդան Ազատյանի անունով: Հարցրել էինք, թե իր նշանակումից ի վեր քանի աշխատակից է հեռացել ակադեմիայից և ինչ պատճառներով: «Վերջին 2.5 տարիների ընթացքում «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամի և նրա աշխատակիցների միջև աշխատանքային հարաբերությունները դադարել են 107, իսկ, համեմատության կարգով, դրան նախորդող 2.5 տարիների ընթացքում՝ 96 աշխատակիցների հետ»,- գրավոր պատասխանել են ակադեմիայից:

Ինչ վերաբերում է 2 պրոռեկտորներին, այդ մասին էլ ակադեմիայից ստացված գրավոր պատասխանում նշվում է. «Հայկ Պարոնյանի նշանակման հարցում (նշանակվել է 2024 թվականի հունիսի 20-ին) հաշվի են առնվել նրա միջազգային բարձրագույն կրթությունը, մանկավարժական և վարչակազմակերպչական տարիների փորձը: Էլեն Սարգսյանի նշանակման հարցում (նշանակվել է 2026 թվականի սեպտեմբերի 1-ին) հաշվի են առնվել նրա միջազգային բարձրագույն կրթությունը, նախագծերի կառավարման և տվյալների վերլուծության տարիների փորձը, ինչպես նաև չորս օտար լեզուների իմացությունը: Հայտնում ենք, որ Ակադեմիայի կանոնադրությունը նախատեսում է ռեկտորի կողմից պրոռեկտորի նշանակման իրավասությունը: Ձեր նշած չափանիշներն ամրագրված են բուհի ստորադաս իրավական ակտերում՝ ներքին կարգավորումներում, այլ ոչ թե կանոնադրությամբ: Էլեն Սարգսյանի սահմանված չափանիշների հետ կապված եղել է որոշ անհամապատասխանություն, որի արդյունքում 2026 թվականի հոկտեմբերի 15-ից նրա վրա դրվել են ուսումնական գծով պրոռեկտորի պարտականությունների կատարման գործառույթները»:

Հարցին՝ որքանով է իրականությանը համապատասխանում այն տեղեկությունը, որ բուհում տիրում է անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտ, պրոռեկտորները ոչ ցանկալի դասախոսներին առաջարկում են դիմում գրել, կրճատվում է լաբորատորիաների ֆինանսավորումը, փորձ է արվում ամբիոնի վարիչներին զրկել իրավասություններից ու փոխել ակադեմիայի բնույթը, ստացվել է հետևյալ պատասխանը. ««Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ տեղեկությունը անձի, առարկայի, փաստի, հանգամանքի, իրադարձության կամ երևույթի վերաբերյալ օրենքով սահմանված կարգով ստացված և ձևավորված տվյալներն են՝ անկախ դրանց տնօրինման ձևից կամ նյութական կրիչից: Մինչդեռ Ձեր կողմից հարցվող մեկնաբանությունները «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի իմաստով ստացված և ձևավորված տվյալներ չեն համարվում: Ինչ վերաբերում է լաբորատորիաների ֆինանսավորման կրճատմանը, ապա նշենք, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, ավելին՝ վերջին 2.5 տարում ակադեմիայում ստեղծվել են երեք նոր լաբորատորիաներ»:

Հիշեցնենք, որ Վարդան Ազատյանը «Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտ» ՀԿ-ի համահիմնադիրն է, որին պետբյուջեից 207 մլն դրամ էր տրվել՝ առանց մրցույթի: Կառավարությունն այդ գումարը ՀԿ-ին հատկացրել էր գաղտնի որոշումներով:
Վարդան Ազատյանը 2019 թ. «թավշյա» հեղափոխության մեկամյակի առիթով հեղինակել էր «Ովքեր արեցին հեղափոխությունը» գրքույկը՝ Փաշինյանի քայլարշավի ու փողոցային շարժման մասին:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment