«Ադրբեջանը պահանջը չի դնում, ուղղակի, երբ մենք ասում ենք՝ եկեք ստորագրենք, իրենք ասում են՝ մինչև ձեր Սահմանադրությունը չփոխվի, չենք ստորագրի»․ Միրզոյան

«ՀՀ իշխանությունները խաղաղության պայմանագրի համար 7 օրվա ընթացքում նշում են տարբեր տարեթվեր։ Փաստացի խաղաղության պայմանագրի ստորագրումը հետաձգվում է։ Ես ուզում եմ իմանալ՝ այդ 7 օրվա ընթացքում ի՞նչ աշխարհաքաղաքական, ներքին քաղաքական վերադասավորումներ են տեղի ունեցել, որ տարբեր տարեթվեր են հնչում, թե՞ ուղղակի օդում խոսքեր են, որ ասում եք։ Դուք այստեղ ուղիղ ասացիք, որ խաղաղության պայմանագրի համար հակառակ կողմը հստակ պայման է դնում։ Բանակցությունների ընթացքում ձեզ ներկայացված նախապայմաններից արդյոք սա վերջի՞նն է ցանկով»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանին հարցրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը։

Արարատ Միրզոյանն ավելի վաղ ասել էր, որ Բաքուն չի ստորագրում «խաղաղության պայմանագիրը»՝ ասելով, որ Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը։

«Տիկին Հովսեփյան, պիտի հիասթափեցնեմ ձեզ՝ խաղաղությունը չի կարող հետաձգվել, խաղաղությունն արդեն հաստատված է։ Եթե չեք նկատել, արդեն դա տևական ժամանակ է։ Խաղաղության պայմանագրի հետ կապված այստեղ էլ պիտի հիասթափեցնեմ ձեզ, որովհետև այստեղ էլ որևէ հետաձգում չկա»,- արձագանքեց Միրզոյանը։ Նա նշեց, որ իրենք հայտարարել են՝ օր առաջ պատրաստ են ստորագրել։

Նա հավելեց, որ Ադրբեջանը ՀՀ իշխանությունների հետ բանակցություններում Սահմանադրության փոփոխության պահանջը չեն դնում։ «Ուղղակի, երբ մենք ասում ենք՝ եկեք ստորագրենք, իրենք ասում են՝ գիտեք, մինչև ձեր Սահմանադրությունը չփոխվի, չենք ստորագրի։ Ոչ թե ասում են՝ գնացեք փոխեք ձեր Սահմանադրությունը, ասում են՝ չենք ստորագրի։ Սա իրավիճակ է, որ չկիսելով իրար մոտեցումները, պետք է հաշվի առնենք։ Մենք էլ դրանից հետո ասում ենք՝ չէ, պետք է ամեն ինչ անենք, որ ստորագրենք»,- հավելեց Միրզոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

«Պարոն Միրզոյան, եթե բանակցությունների ընթացքում մեկն ասում է՝ եթե դու սա չես անում, սա չի լինում, դա կոչվում է նախապայման։ Իմ հարցն այն է, որ արդյոք սա վերջին նախապայմա՞նն է»,- ասաց Արեգա Հովսեփյանը։

Արարատ Միրզոյանը նշեց, որ բանակցային պահանջը և պայմանը լրիվ ուրիշ իրավիճակ է։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment