Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականն ավարտեց մրցելույթները Աստանայում ընթացող աշխարհի առաջնությունում։
Մեր ընտրանու, թերևս, ամենափորձառու անդամի՝ 31-ամյա Կարեն Ասլանյանի փայլուն հաղթանակից հետո բրոնզե մեդալի համար գոտեմարտեցին 87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը և 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը։
Գևորգը, որն առաջին անգամ էր մասնակցում աշխարհի ուժեղագույն ըմբիշների պայքարին, առաջին իսկ փորձից տեղ զբաղեցրեց մեդալի հավակնող մարզիկների շարքում։ Իսկ այսօր գործով ցույց տվեց, որ դա ամենևին էլ պատահական չէ։ Ուկրաինան ներկայացնող Յարոսլավ Ֆիլչակովի հետ գոտեմարտում մեր ըմբիշը սկզբում հայտնվեց հետապնդողի դերում, սակայն կարճ ժամանակ անց նախ վերականգնեց հավասարակշռությունը, ապա գլորում հնարքով առաջ անցավ՝ 3։1։
Այդ հաշիվը պահպանվեց մինչև մենամարտի ավարտը։ Երբ մնում էր ընդամենը երեք վայրկյան, Ֆիլչակովը հնարք կատարեց, որը գորգի մրցավարը գնահատեց 4 միավոր։ Սակայն մեր ըմբիշը և հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը բողոքարկեցին՝ վստահ լինելով, որ ուկրաինացին հնարքը կատարել է կանոնների խախտումով։
Մրցավարական ժյուրին մի քանի անգամ այդ դրվագը մանրազնին դիտելուց հետո բավարարեց մեր բողոքարկումը։ Ուկրաինացին չէր համաձայնում մրցավարների որոշման հետ և տևական ժամանակ բանավիճում էր։ Մի քանի անգամ բանավոր զգուշացումներն անտեսելու պատճառով ի վերջո նա նկատողություն ստացավ, և Գևորգ Թադևոսյանին շնորհվեց ևս մեկ միավոր։ Բրոնզը բաժին հասավ հայաստանցուն։
Ցավոք, Սլավիկ Գալստյանը պարտվեց կուբացուն և ձեռնունայն մնաց մեդալից։
Այսպիսով, աշխարհի առաջնությունում, որի մեկնարկը մեր ընտրանու համար ծայրահեղ անհաջող էր դասավորվել, ավարտվեց մեկ չեմպիոնական և մեկ բրոնզե մեդալով։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: