Aravot.am-ի տեղեկություններով՝ զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնում համատարած քրեական վարույթներ են նախաձեռնվել Շիրակի մարզի տարբեր բնակավայրերում ապրող տղամարդկանց նկատմամբ, նրանց մեղադրանքներ են առաջադրվել։
Նրանք հայտնվել են իրավապահների ուշադրության կենտրոնում այն պատճառով, որ ծանուցագրեր են ստացել վարժական հավաքի վայր մեկնելու, սակայն չեն ներկայացել Շիրակի մարզի զինվորական կոմիսարիատ։
Բոլորի նկատմամբ քրեական վարույթը հարուցված է ՀՀ քրեական օրենսգրքի 462 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով՝ վարժական հավաքից խուսափելը։
Որպեսզի փաստարկված լինի մեր խոսքը, բերենք մի քանի օրինակներ, թե որ համայնքների բնակիչներն են անցնում այդ հոդվածով։ Այսպես՝ Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Մեծ Մանթաշ գյուղի բնակիչ 27-ամյա Լ․Գ․-ն հուլիսի 13-ին ստացել է վարժական հավաքի վայր մեկնելու ծանուցագիր, սակայն սեպտեմբերի 29-ին չի ներկայացել Շիրակի մարզի զինվորական կոմիսարիատ։
Արթիկի բնակիչ, 51-ամյա Ա․Ա․-ն սեպտեմբերի 11-ին ստացել է վարժական հավաքի վայր մեկնելու մասին ծանուցագիր, սակայն սեպտեմբերի 29-ին չի ներկայացել Շիրակի մարզի զինվորական կոմիսարիատ։
Արթիկ խոշորացված համայնքի Սպանդարյան գյուղի բնակիչ, 50-ամյա Ս․Ա․-ն սեպտեմբերի 15-ին ստացել է վարժական հավաքի վայր մեկնելու ծանուցագիր, սակայն սեպտեմբերի 15-ին չի ներկայացել զինվորական կոմիսարիատ։
Նույն մեղադրանքն առաջադրվել է նաև Փոքր Մանթաշ գյուղի 45-ամյա բնակիչ Ա․Մ․-ի նկատմամբ։ Նա էլ հունվարի 30-ին է ստացել վարժական հավաքի վայր մեկնելու ծանուցագիր, սակայն սեպտեմբերի 15-ին չի ներկայացել Շիրակի մարզի զինվորական կոմիսարիատ։
Մեղադրանքներ կան նաև Ախուրյանի բնակիչների նկատմամբ։ Այսպես՝ Մարմաշեն բնակավայրի 40-ամյա բնակիչ Հ․Հ․-ն հունիսի 9-ին ստացել է վարժական հավաքի վայր մեկնելու ծանուցագիր, սակայն սեպտեմբերի 15-ին չի ներկայացել Շիրակի մարզի զինվորական կոմիսարիատ։
Նույն գյուղից այս գործով անցնում է ևս մեկ տղամարդ՝ 37-ամյա Գ․Խ․-ն։
Հացիկ գյուղի երկու բնակիչների՝ 34-ամյա Հ․Մ․-ի ու 31-ամյա Հ․Ա․-ի ևս մեղադրանքներ են առաջադրվել։
Բնակիչներ կան նաև Ազատան, Գետք, Մայիսյան, Կամո գյուղերից։ Ազատանից այս գործով անցնում են 26-ամյա Հ․Ո․-ն, 34-ամյա Հ․Ի․-ն ու 35-ամյա Ա․Մ․-ն, Կամոյից՝ 47-ամյա Ռ․Խ․-ն, Մայիսյան գյուղից՝ 39-ամյա Հ․Մ․-ն։
Քրեական վարույթով անցնող շիրակցի տղամարդկանց ցուցակը բավական երկար է, նրանք բոլորն էլ, ըստ մեր տեղեկությունների, չեն աշխատում։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: