Աստանայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում այսօր պայքարի մեջ են մտել Հայաստանի հավաքականի վերջին երեք ըմբիշները։ Երեքն էլ հաջող են ավարտել անցկացրած գոտեմարտերն ու երեկոյան կպայքարեն եզրափակչի ուղեգրի համար։
63 կգ քաշային կարգում բազմափորձ Կարեն Ասլանյանը խոշոր հաշվով հաջորդաբար պարտության է մատնել մոլդովացի Կոռնելիու Ռուսուին՝ 10։0, ղրղզ Ավթանդիլ Տաալիաիբեկուուլուին՝ 8։0, ուզբեկ Օզոդբեկ Խալիմբոեւին՝ 9։0 եւ կիսաեզրափակչում հանդիպելու է մեր հայրենակից, օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանի որդու՝ Էդմոնդ Նազարյանի հետ, որը հանդես է գալիս Բուլղարիայի դրոշի ներքո։
Մեր մյուս փորձառու ըմբիշը՝ 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը, որակավորման փուլում հաղթել է Ֆրանսիան ներկայացնող Գագիկ Սնջոյանին՝ 5։1, 1/8 եզրափակչում՝ մոլդովացի Վալենտին Պեկիչին, քառորդ եզրափակչում՝ նորվեգացի Հովարդ Ջորգենսենին եւ եզրափակիչ մտնելու համար կմրցի ուզբեկ Այթջան Խալմախանովի հետ։
Գեւորգ Թադեւոսյանը 87 կգ քաշային կարգում սկսելով 1/16 եզրափակչից՝ հաղթահարել է ռուս Միլադ Ալիոզաեւի, ղազախ Նուրսուլթան Տուրսինովի, նորվեգացի Էքսոս Մուկաբուի արգելքը եւ նախավերջին գոտեմարտում ուժերը կչափի Իրանի ներկայացուցիչ Ալիռեզա Մոհմադիպիանիի հետ գոտեմարտում։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: