«Անկեղծ որ ասեմ, ես այս օրենքի նախագծին ծանոթանալուց եմ իմացել, որ մեր երկրում գոյություն ունի օրենք՝ ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման, բռնության դեմ ենթարկված անձանց պաշտպանության մասին, որովհետև իմ ընկալումներում, իմ մշակույթում ընտանիք բառի հետ ոչ թե պետք է բռնությունը գործածվի, այլ սերը, համերաշխությունը, միասնությունը։ Ընտանիքը ստեղծվում է ոչ թե բռնությամբ, այլ սիրով: Ընտանիքը դա այն սոցիալական միջավայրն է, որտեղ մարդն իրեն իրացված է զգում, ամենաերջանիկն է զգում: Եվ սա նաև մեր ավանդույթն է: Այսինքն՝ հայկական մշակույթում այդպիսին է ընտանիքի նկատմամբ ընկալումը և այդպիսին էլ պետք է լինի, պետք է խրախուսվի ընտանիքում սերը, համերաշխությունը, հավատարմությունը, միասնությունը, այլ ոչ թե անընդհատ խոսվի ընտանիքում բռնության մասին»,- ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։
Նա նշեց՝ ընտանիքը ձևավորվում է նաև պսակի խորհրդով, որը եկեղեցու կարևորագույն խորհուրդներից մեկն է: Եվ այն մարդիկ, ովքեր պսակադրվում են եկեղեցում, իրենց պատգամն են լսում պսակադրող քահանայից, թե ինչպիսին պետք է լինի ընտանիքը, պարտավորություններ են ստանձնում սուրբ խորանի առջև։
«Եվ հիմա ինչո՞ւ ենք մենք այսպիսի երևույթների առաջ կանգնել, որովհետև հայտնվել ենք մի իշխանության ներքո, որը փորձում է քանդել մեր ամբողջ ավանդական, եկեղեցական, ընտանեկան համակարգը և շեղել մեր հասարակությունը իր զարգացման բնականոն հունից: Սա է այս ամենի առաջացման հետևանքը: Եվ եթե կա բռնություն, ի՞նչ տարբերություն՝ այդ բռնությունը որտեղ է: Բանակում բռնությունը խրախուսվո՞ւմ է: Չկա՞ն բանակում դեպքեր, երբ որ սպաները բռնություն են գործադրում զինվորականների նկատմամբ: Ուսումնական հաստատություններում չկա՞ն բռնության դեպքեր, այլ հաստատություններում չկա՞ն բռնության: Ի՞նչ է, մենք ամեն մի հաստատության համար, ամեն մի միջավայրի համար առանձին օրենքներով կարգավորենք: Կա ընդհանուր Քրեական օրենսգիրք, որը կարգավորում է բռնության ցանկացած դրսևորում, այդ թվում՝ եթե այդ բռնությունը եղել է ընտանիքում կամ այլ սոցիալական հարաբերություններում»,- հավելեց Ղազարյանը։
Նշենք, որ նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ասել էր, որ այն մշակվել է Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի արշավի շրջանակներում։
Էդգար Ղազարյանն ասաց․ «Երբ նայում եք նախաձեռնության իրական հեղինակին, հասկանում ես, թե որտեղից կարող է առհասարակ գալ, սա վտա՞նգ է պարունակում իր մեջ, թե չէ, որովհետև այս նախաձեռնության հեղինակը 2018 թվականին «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնություն էր նախաձեռնել, դրանից հետո 2020 թվականի պատերազմից առաջ զորավարժանքների նախաձեռնություն էր նախաձեռնել, հետո պատերազմի ժամանակ կամավորական ջոկատ ստեղծելու նախաձեռնություն էր նախաձեռնել, այդ ամեն ինչը միայն վտանգներ, կորուստներ է բերել»։
Մանրամասները՝ տեսանյութում
ՔՊ-ական պատգամավորները փորձեցին լռեցնել Էդգար Ղազարյանին։
«Սա նորմալ չէ, ես հանձնաժողովի անդամ եմ, տիկին Գալստյան, և նման ձևով նիստ անցկացնելը անընդունելի է և անհասկանալի։ Ես խնդրում եմ՝ նիստն անցկացրեք պատշաճ կերպով»,- հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանին դիմեց ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանը։
Ի պատասխան՝ Լիլիթ Գալստյանն ասաց, որ նիստի ոչ պատշաճության մասին խոսելու հիմք չկա։
Էդգար Ղազարյանը հավելեց․ «Ես կարծում եմ, որ այս նախագիծն ընդամենը մեկ հոգու անձնական ամբիցիաներով, պայմանավորված, ինքնարտահայտման պահանջմունքի իրացման, չկայացվածության դրսևորում է»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: