CivilNet-ի լրագրող Էրիկ Հակոբյանը հաղորդման ընթացքում հայտարարել է, որ կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունները չեն արձագանքել Նիկոլ Փաշինյանի՝ ադրբեջանցի դիվերսանտին վնասազերծած կնոջ մասին արտահայտությանը։
Նիկոլ Փաշինյանն ասել էր․ «Եթե մի պահ մայրական բնազդը կառավարեր, սպասեր ոստիկաններին, էդ ամենը տեղի չէր ունենա»։
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան շտապել է հերքել լրագրողին՝ նրա լուսանկարի վրա դաջելով «ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ» գրությունը և ներկայացնելով իր արձագանքները։
Հիմա հասկանանք՝ արդյո՞ք Էրիկ Հակոբյանն ապատեղեկատվություն է տարածել, անգամ եթե այդ կազմակերպություններն իսկապես արձագանքել են։
Ապատեղեկատվությունը ենթադրում է փաստերի միտումնավոր խեղաթյուրում՝ իրականը անիրական կամ անիրականը իրական ներկայացնելու նպատակով։
Բայց կա՞ արդյոք Էրիկ Հակոբյանի վարքում նման միտում։ Լրագրողի անցած մասնագիտական ճանապարհը նման եզրակացության հիմք չի տալիս։
Ուրեմն ինչո՞ւ է այդպես ստացվել։
2018 թվականից ի վեր կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի շարք կազմակերպություններ սերտ հարաբերություններ են ունեցել «Քաղաքացիական պայմանագրի» հետ։ Նրանք ոչ միայն կրավորական կեցվածք են ընդունել կանանց նկատմամբ խտրականության և բռնության առանձին դեպքերում, այլև քաղաքական աջակցություն են ցուցաբերել իշխող ուժին։
Ավելին՝ կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ամենահայտնի գործիչներից մեկը՝ Լարա Ահարոնյանը, ինքն է հայտարարել, որ ոչ բոլոր կանանց իրավունքներն է պաշտպանում։
Այս և նրանց նման կազմակերպությունների վերաբերյալ դեռևս 2022 թվականին հրապարակվել են նաև ՀՀ քաղաքացիներին ուղղված կոչեր՝ կասկածի տակ առնելու ՀՀ քաղաքացուն անպաշտպան թողած «իրավապաշտպանների» գործունեությունը։
Հայ կանանց իրավունքները՝ առանց բայցերի
2022 թվականի մայիսի 9-ին հրապարակվեց «Պահանջում ենք խաղաղություն առանց բայցերի» հայտարարությունը, որի ստորագրողների թվում կային նաև կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Լարա Ահարոնյանը։
Նրանց պահանջած «առանց բայցերի խաղաղությունից» երեք ամիս անց՝ օգոստոսին, Աղավնոյի և Բերձորի հայ կանայք զրկվեցին իրենց տներից։ Չորս ամիս անց՝ սեպտեմբերին, Ադրբեջանի հարձակման ժամանակ հայ կին զինծառայողները սպանվեցին, նրանց մարմինները խեղեցին, մասնատեցին։
Այս հանցագործությունների առնչությամբ բարձրացվեցին միջազգային իրավական պահանջներ։
Սակայն 2025 թվականի օգոստոսին Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի մասնակցությամբ նախաստորագրված խաղաղության համաձայնագրով նախատեսվում է միջպետական պահանջների և վարույթների դադարեցում կամ հետկանչ։
Հարց է առաջանում՝ ի՞նչ է լինելու հայ կանանց նկատմամբ կատարված հանցագործությունների համար արդարադատության հասնելու պահանջի հետ։
Կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող այս կազմակերպությունները հրապարակային հետևողական պայքար չեն ծավալել այդ հանցագործությունների համար պատասխանատվության ապահովման և միջպետական հայցերի հետկանչի վտանգների դեմ։
Նույն հարցը վերաբերում է արցախցի փախստական կանանց վերադարձի իրավունքին, ինչպես նաև Արեգնազ Մանուկյանի ապօրինի կալանքի և անչափահաս երեխայի հետ հաղորդակցության սահմանափակումների վերաբերյալ բարձրացված հարցերին կամ Արագածոտնի թեմի հաշվապահ Նաիրա Ալավերդյանին՝ կարգալույծ Արամայիս Թախմազյանի կեղծ ցուցմունքի հիման վրա ապօրինի կալանավորելուն։ Չեն արձագանքել։
Հավաքական գիտակցություն՝ ութ տարվա գործունեության հետևանքով
Վերադառնանք մեր հիմնական հարցին․
եթե կոալիցիան իսկապես արձագանքել է Փաշինյանի արտահայտությանը, ապա ինչո՞ւ է լրագրողի մոտ ձևավորվել հակառակ պատկերացումը։
Այդ կազմակերպություններն իրենց վարքով ձևավորել են այնպիսի հանրային ընկալում, հավաքական գիտակցություն, որ ինչ էլ տեղի ունենա, այս կազմակերպությունները չեն արձագանքում, իսկ կանանց իրավունքները պաշտպանում են ընտրողաբար։
Այդ հավաքական գիտակցության մեջ գյուղացի կինը, ընդդիմադիր կինը կամ ադրբեջանական հարձակման ենթարկված հայ կինը նրանց պաշտպանության ներքո չէ։
Այդ հավաքական գիտակցության մեջ նրանք սահմանված են որպես «Քաղաքացիական պայմանագրի» քաղաքականության հետ համերաշխ կամ արբանյակային կառույցներ, մինչդեռ այդ քաղաքականությունը հարվածում է Հայաստանի կին քաղաքացիների անվտանգությանն ու բարօրությանը։
Արդյունքում ավտոմատացվել է այն համոզմունքը, որ կազմակերպությունները կապ չունեն իրավապաշտպանության հետ և չեն արձագանքելու։
Կոալիցիան կարող է ներկայացնել իր արձագանքները, բայց դրանով չի կարող հերքել իր գործունեության հետևանքով ձևավորված անվստահությունը։
Իրավապաշտպան կազմակերպության հեղինակությունը որոշվում է ոչ թե նրանով, թե քանի հայտարարություն է տարածել, այլ նրանով, թե ում իրավունքներն է պաշտպանել, ումը՝ անտեսել։
Այսպիսով՝ Էրիկ Հակոբյանի հայտարարության հիմքում ընկած պատկերացման ակունքը հենց այդ կազմակերպություններն են, հենց այդ կազմակերպություններն են աղբյուրն՝ իրենց մասին ապատեղեկատվության ոչ թե CivilNet-ի լրագրողը։
Ջնջեցին մեկնաբանությունը, ստացան հոդված
Այս մտքերն ավելի հակիրճ արտահայտել էի կոալիցիայի՝ Էրիկ Հակոբյանի մասին հրապարակման մեկնաբանություններում։
Մեկնաբանությունս ջնջեցին։
Այսպիսով՝ կազմակերպությունը, որը լրագրողին հրապարակայնորեն մեղադրում է ապատեղեկատվության մեջ, իր հասցեին ուղղված քննադատությանը պատասխանելու փոխարեն հեռացնում է այն։
Ինչի համար շնորհակալ եմ․ հակառակ դեպքում այս վերլուծությունը չէր լինի։
Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: