Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

Քաղաքականություն

26.10.2026 | 00:40

Հոկտեմբերի 25-ին Շիրակի մարզում ՏԻՄ ընտրություններ անցկացվել են միայն երկու համայնքներում՝ Արթիկում և Ախուրյանում։ Եվս երկու համայնքում՝ Ամասիայում և Աշոցքում, ընտրությունները նախատեսված են նոյեմբերի 29-ին։

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրել է Արթիկի և Ախուրյանի ընտրությունների նախնական արդյունքները։

Արթիկ համայնքում քվեարկությանը մասնակցած 17 579 քաղաքացիներից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Անանիկ Ոսկանյանի գլխավորությամբ, ստացել է շուրջ 13 167 ձայն կամ քվեների 74.9%-ը։

Արթիկի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար հայտ էին ներկայացրել «Ազատ դեմոկրատներ», «Ապրելու երկիր», «Հայրենիք» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։ Համայնքն ունի 30 625 ընտրող։

Ախուրյան համայնքում քվեարկությանը մասնակցած 11 737 քաղաքացիներից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Զավեն Մանուկյանի գլխավորությամբ, ստացել է 10 840 ձայն կամ քվեների 92.4%-ը։

Ախուրյանի ընտրություններին մասնակցել է միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Ցուցակը գլխավորում է գործող համայնքապետ Զավեն Մանուկյանը։ Համայնքն ունի 24 924 ընտրող։

 

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment