Արտաշատում արձանագրվել է գործող համայնքապետ-թեկնածուի գործունեության հրապարակային գովաբանման դեպք՝ կրոնական արարողության ժամանակ. «Ականատես»

Ականատեսի օրագիր N7

Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավի դիտարկման ընթացքում «Ականատես» դիտորդական առաքելությունն Արտաշատում արձանագրել է գործող համայնքապետ-թեկնածուի գործունեության հրապարակային գովաբանման դեպք՝ կրոնական արարողության ժամանակ։

Հոկտեմբերի 17-ին՝ Արտաշատ քաղաքի օրվա առթիվ կազմակերպված միջոցառումների շրջանակում, Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցում անցկացվել է օրհնության կարգ։

Մինչև միասնական աղոթքը եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Երվանդ քահանա Բաբայանը, դիմելով ներկա շուրջ 70–80 անձանց, շնորհավորել է քաղաքի տոնի առթիվ և իր խոսքում անդրադարձել Արտաշատի գործող համայնքապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Կառլեն Մկրտչյանի գործունեությանը։

Մասնավորապես, հոգևորականը նշել է.
«Չեմ կարող չօգտվել ինձ ընձեռնված այս հիանալի առիթից և որպես Արտաշատ քաղաքի հոգևոր հովիվ իմ երախտագիտությունը, օրհնանքը, շնորհակալությունը չհայտնել պարոն Մկրտչյանին՝ մեր համայնքի ղեկավարին, ոչ միայն այս օրը կազմակերպելու համար, այլ այսքան տարիների իր ծառայության, իր գործի համար»։

Այնուհետև հավելել է.

«Այս մարդը իսկապես ծառայել է. ոչ թե աշխատել է, այլ ծառայել է։ Ծառայել է մեր երկրին, մեր քաղաքին, մեր ժողովրդին, և արդյունքը մենք բոլորս էլ տեսնում ենք, բոլորս»։

«Ականատես» դիտորդական առաքելությունը խիստ մտահոգիչ է համարում նախընտրական շրջանում գործող համայնքապետ-թեկնածուի նման ընդգծված գովաբանումը կրոնական արարողության ընթացքում։

Հատկապես խնդրահարույց է, որ հոգևորականը շնորհակալություն և օրհնանք է հայտնել՝ հատուկ ընդգծելով իր՝ Արտաշատ քաղաքի հոգևոր հովվի կարգավիճակը։ Այսպիսով, գործող թեկնածուի գործունեության դրական գնահատականը հնչել է ոչ թե պարզապես որպես անձնական կարծիք, այլ նաև ըստ էության կրոնական կազմակերպության անունից։

Թեև ելույթում որևէ թեկնածուի կամ քաղաքական ուժի օգտին քվեարկելու ուղղակի կոչ չի հնչել, նման խոսքը նախընտրական շրջանում կարող է ընկալվել որպես թեկնածուին հրապարակային աջակցություն և իր բնույթով հարում է նախընտրական քարոզչությանը։

ՀՀ ընտրական օրենսգրքի 23-րդ հոդվածն արգելում է կրոնական կազմակերպություններին նախընտրական քարոզչություն կազմակերպել կամ իրականացնել։

Առաքելությունն ընդգծում է, որ քվեարկելու կոչի բացակայությունը դեռ չի վերացնում նման ելույթի խնդրահարույց բնույթը։ Հոգևորականի խոսքն ու օրհնանքը հանրության մի մասի համար առանձնահատուկ հեղինակություն ունեն։ Ուստի ընտրություններից օրեր առաջ այդ հեղինակությամբ գործող թեկնածուին հրապարակայնորեն գովաբանելը կարող է ազդել ընտրողների վերաբերմունքի վրա, նույնիսկ եթե ելույթն իրավական առումով չի որակվում որպես ուղղակի նախընտրական քարոզչություն։

Կրոնական արարողությունները չպետք է վերածվեն թեկնածուների քաղաքական հեղինակությունը բարձրացնելու հարթակի։ Հոգևորականի կարգավիճակն ու հանրային ազդեցությունը չպետք է ծառայեցվեն որևէ քաղաքական ուժի ընտրական առավելությունն ապահովելուն։

«Ականատես» դիտորդական առաքելությունը կոչ է անում կրոնական կազմակերպություններին և հոգևորականներին նախընտրական շրջանում ձեռնպահ մնալ կրոնական արարողությունների ընթացքում թեկնածուների գործունեության հրապարակային գովաբանումից և քաղաքական աջակցություն ենթադրող հայտարարություններից։

Ընտրական մրցակցությունը պետք է զերծ մնա կրոնական հեղինակության միջոցով ընտրողների վրա հնարավոր ազդեցությունից, իսկ կրոնական գործունեությունն ու կուսակցական քարոզչությունը պետք է հստակ տարանջատվեն։

«ԱԿԱՆԱՏԵՍ» ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment