Մանկապարտեզի խոհանոցում սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերվել․ ՖՈՏՈ
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Կասեցվել է Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Հոբարձի գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի արտադրական գործունեությունը:
Այս մասին հայտնում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Ինչպես հայտնում է ՍԱՏՄ–ը, Լոռու մարզային կենտրոնի տեսուչների իրականացրած վերահսկողական միջոցառումների արդյունքում «Հոբարձի գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի խոհանոցում արձանագրվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ։
Մասնավորապես՝ արձանագրվել է, որ մանկապարտեզի խոհանոցի հատակը, պատերը, առաստաղը և դռները չեն ունեցել հարթ մակերես ու գտնվել են ոչ նորոգ վիճակում։ Աշխատանքային մակերևույթներն ու սարքավորումները նույնպես նորոգված չեն եղել ,և հնարավոր չի եղել դրանք պատշաճ մաքրել և ախտահանել։
Տեսչական մարմնի փոխանցմամբ՝ սննդի կառույցը չի ունեցել ձեռքերի լվացման համար նախատեսված լվացարան՝ ապահովված տաք ու սառը ջրով, ախտահանման միջոցներով և չորացման հիգիենիկ սարքերով։
Բացի այդ, առկա արհեստական օդափոխության համակարգը չի կանխել աղտոտված օդի ներթափանցումը, իսկ անձնակազմն ապահովված չի եղել հանդերձարանով։
Նշվում է, որ հանրային սննդի օբյեկտի՝ Հոբարձի գյուղի մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է։
ՀՈԱԿ-ի տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ խոհանոցը իրավական ակտերի պահանջներին համապատասխանեցնելու համար։ Վերահսկող կառույցը սահմանել է վերջնաժամկետ արձանագրված խախտումները վերացնելու համար։