ՀՀ օրենսդրությամբ և Սահմանադրությամբ երկրորդ երկրի, տվյալ դեպքում՝ նաև երրորդ երկրի քաղաքացիություն ունեցող անձը չի կարող լինել ո՛չ պատգամավորի, ո՛չ վարչապետի թեկնածու: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Սամվել Կարապետյանի թիմի կողմից կուսակցություն ձևավորելու և Սահմանադրության փոփոխությունների միջոցով Կարապետյանի՝ վարչապետի թեկնածու դառնալու խոսակցություններին։
Նշենք՝ Սամվել Կարապետյանը վերջին 4 տարիներին ՀՀ-ում մշտապես չի բնակվել և ունի նաև այլ երկրների քաղաքացիություն։ Սամվել Կարապետյանը թեև առաջնորդում է շարժումը, սակայն ընտրություններին մասնակցելու իրավունք չունի, քանի որ երկքաղաքացի է: Ըստ Սահմանադրության 48-րդ հոդվածի՝ Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:
Դիտումների քանակ14