Երկրորդ երկրի, տվյալ դեպքում՝ երրորդ երկրի քաղաքացիություն ունեցող անձը չի կարող լինել ո՛չ պատգամավորի, ո՛չ վարչապետի թեկնածու. վարչապետը՝ Կարապետյանի մասին


ՀՀ օրենսդրությամբ և Սահմանադրությամբ երկրորդ երկրի, տվյալ դեպքում՝ նաև երրորդ երկրի քաղաքացիություն ունեցող անձը չի կարող լինել ո՛չ պատգամավորի, ո՛չ վարչապետի թեկնածու: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Սամվել Կարապետյանի թիմի կողմից կուսակցություն ձևավորելու և Սահմանադրության փոփոխությունների միջոցով Կարապետյանի՝ վարչապետի թեկնածու դառնալու խոսակցություններին։


«Ինչ վերաբերում է կուսակցության հիմնադրմանը, իհարկե, ՀՀ օրենսդրությամբ քաղաքացիները կարող են հիմնադրել կուսակցություններ։ Ինչ վերաբերում է վարչապետի թեկնածուին, ՀՀ օրենսդրությամբ և Սահմանադրությամբ երկրորդ երկրի, տվյալ դեպքում՝ նաև երրորդ երկրի քաղաքացիություն ունեցող անձը չի կարող լինել ո՛չ պատգամավորի, ո՛չ վարչապետի թեկնածու»։


Փաշինյանը եզրափակեց՝ նշելով, որ այդ խոսակցություններն անհիմն են․ «Հետևաբար այն, ինչ որ դուք ասում եք, դա պարզապես ոչ դե յուրե, ոչ դե ֆակտո գոյություն չունի։ Եվ, հետևաբար, գոյություն չունեցող բանը ես, անկեղծ ասած, հարկ չեմ համարում մեկնաբանել»։


Նախօրեին «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հայտարարել էր, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է։ 


Նշենք՝ Սամվել Կարապետյանը վերջին 4 տարիներին ՀՀ-ում մշտապես չի բնակվել և ունի նաև այլ երկրների քաղաքացիություն։ Սամվել Կարապետյանը թեև առաջնորդում է շարժումը, սակայն ընտրություններին մասնակցելու իրավունք չունի, քանի որ երկքաղաքացի է: Ըստ Սահմանադրության 48-րդ հոդվածի՝ Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:

Դիտումների քանակ14

Leave a comment