Նիկոլ Փաշինյանը հայտնում է, որ ՔՊ պատգամավորը վայր կդնի մանդատը, որ նշանակվի Կոտայքի մարզպետ։ Էական էլ չէ, թե հատկապես ՔՊ որ պատգամավորի մասին է խոսքը։ Նիկոլ Փաշինյանը որ պատգամավորին էլ ասեր, նա վայր կդներ մանդատը, եթե անգամ չլիներ որեւէ նոր նշանակում։ Վերջին հաշվով այս կանոնը հաստատող «բացառությունը» դեռեւս մեկն է՝ Հովիկ Աղազարյանը, որը համառորեն հրաժարվեց կատարել «վոթսափ» հաղորդագրությամբ հղված հորդորը։ Հետո տեսանք, թե ինչ եղավ նրա հետ։ Ավելի երիտասարդ պատգամավոր–պատգամավորուհիների համար այդպիսի հեռանկարն իհարկե ավելի ազդեցիկ է։
Այնպես որ, եթե Նիկոլ Փաշինյանը գրել կամ ձայնայինով հայտնել է, որ պետք է վայր դնել մանդատը, ապա պարզապես երջանկություն է, որ հաջորդիվ լինելու է մարզպետի պաշտոնին նշանակում։ Հետեւաբար, պետք չէ լրացուցիչ փորձել ճակատագիրը։ Իսկ հանրության համար պետք է ընդամենը արձանագրել, որ Հայաստանը դե ֆակտո չունի խորհրդարան։ Օրինակ, նախօրեին Նիկոլ Փաշինյանի խոսքից պարզ դարձավ, որ Հայաստանը չունի դատական իշխանություն եւ իրավապահ համակարգ, որովհետեւ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանը հորդորեց իր էլփոստին ուղարկել ՏԻՄ ընտրություններում խախտումների, անօրինականությունների մասին տվյալներ, ու ապացուցվելու դեպքում մեղավորը կպատժվի։
Հիմա պարզվում է, որ Հայաստանում չկա նաեւ խորհրդարան, որովհետեւ վարչապետի որոշումով անձը կարող է վայր դնել երկրի թիվ մեկ ներկայացուցչական եւ առաջնային մանդատ ունեցող ինստիտուտի պատգամավորի մանդատը, որ նշանակվի մի քանի անգամ ավելի ցածր պաշտոնի։ Հետեւաբար, եթե իրերի դրությունն այդպիսին է, ապա հասկանալի է, որ նույնն է նաեւ օրենսդրության հարցերում աշխատանքի տրամաբանությունը՝ վարչապետ Փաշինյանն է որոշում, թե որ օրենքը պետք է ընդունվի, իսկ որը պետք է անգամ չհասնի նիստերի դահլիճ։ Օրինակ, վերջերս շնորհազրկված իշխանական արդեն նախկին պատգամավոր ու ՔՊ-ական Հայկ Սարգսյանը իր հարցազրույցներից մեկում հայտարարում էր, որ խորհրդարանում կար չգրված կանոն՝ եթե կառավարությունը հավանություն չի տվել որեւէ օրինագծի, ապա այն չի քննարկվում խորհրդարանում։ Ցանկացած իրավական, ժողովրդավարական կարգ, եւ առավել եւս կառավարման խորհրդարանական մոդել ունեցող երկրում այդ հայտարարությունը կառաջացներ քաղաքական սկանդալ, բայց ոչ Հայաստանում։ Հայաստանում աստիճանաբար սկանդալային է դառնում սահմանադրական կարգը։
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: