Աշխատանքային պայմանագրերի թղթային ձևակերպումը կթույլատրվի մինչև 2027-ի հուլիսի 1-ը

Ազգային ժողովը փետրվարի 13-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով աշխատանքային պայմանագրերի պարտադիր թվայնացման վերջնաժամկետը հետաձգվում է մինչև 2027-ի հուլիսի 1-ը։

Հիմնական զեկուցող Արսեն Թորոսյանը հայտնեց, որ նախնական սահմանված ժամկետը՝ 2026-ի հունվարի 1-ը, վերանայվել է քաղաքացիների կողմից նույնականացման քարտերի և էլեկտրոնային ստորագրությունների ձեռքբերման գործընթացի դանդաղ տեմպերի պատճառով։ Ըստ նրա՝ պարտադիր պահանջի պահպանումը կարող էր հանգեցնել իրավիճակի, երբ քաղաքացիները կզրկվեին իրենց աշխատանքային իրավունքներն իրացնելու հնարավորությունից։

Օրենսդրական փոփոխությունը ենթարկվել է մի քանի վերանայումների. եթե առաջին ընթերցմամբ առաջարկվում էր համակարգի ներդրումը տեղափոխել 2027-ի հունվարի 1-ը, ապա մշտական հանձնաժողովի նիստում որոշվել է այն հետաձգել ևս վեց ամսով՝ մինչև 2027-ի հուլիսի 1-ը։ Սա թույլ կտա շարունակել պայմանագրերի կնքումը թղթային տարբերակով, քանի դեռ բնակչության զգալի մասը չունի անհրաժեշտ նույնականացման քարտեր։

Նախագիծն ընդունվեց 59 կողմ, 0 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Մինչև սահմանված վերջնաժամկետը թվային համակարգից օգտվելը կրելու է կամավոր բնույթ։

The post Աշխատանքային պայմանագրերի թղթային ձևակերպումը կթույլատրվի մինչև 2027-ի հուլիսի 1-ը appeared first on CIVILNET.

Leave a comment