Արհեստական բանականությունը հյուծում է ակտիվ օգտատերերին

Եթե օրվա վերջում հայտնվում եք լիովին սպառված վիճակում՝ մտավոր դատարկված, անկարող անելու ավելին, քան ուղղակի սոցցանցեր թերթելը կամ Netflix դիտելը, ապա միայնակ չեք, գրում է Entrepreneur-ը։

Արհեստական բանականության (ԱԲ) ակտիվ օգտատերերն ավելի ու ավելի հաճախ են բախվում մի երևույթի, որը հետազոտողներն անվանում են «ուղեղի գերհոգնածություն» (brain fry): Ինչպես նշել է ընկերություններից մեկի գլխավոր տնօրենը, դա առաջանում է ոչ թե բուն աշխատանքից, այլ այն բոլոր գործընթացների կառավարումից, որոնք ԱԲ գործիքներն իրականացնում են մարդկանց փոխարեն: «Սա հոգնածություն (burnout) չէ ավանդական իմաստով: Սա ավելի տարօրինակ բան է․ ճանաչողական (կոգնիտիվ) գերբեռնվածություն՝ քողարկված բարձր արտադրողականությամբ»,— բացատրում է նա:

Շատ մասնագետներ խոստովանում են, որ իրենք նույնպես զգացել են սա: Շատերը միշտ ձգտել են պատվիրակել երկրորդական, առօրյա գործերը՝ կենտրոնանալով միայն այն առաջադրանքների վրա, որոնք իրենց համար իսկապես արժեքավոր են: Բայց վերջերս նկատելի է դարձել, թե որքան հեշտ է ընկնել արտադրողականության թակարդը․ մեծ արդյունավետությունը թույլ է տալիս ստանձնել ավելի շատ նախագծեր՝ շեղելով ուշադրությունը, ինչպես երբեք:

Այս բազմաֆունկցիոնալությունը (multitasking) տալիս է իր բացասական հետևանքները: Սակայն լուծումը պարտադիր չէ, որ լինի ԱԲ գործիքներից հրաժարվելը, այլ ռազմավարական մոտեցում ցուցաբերելը՝ հասկանալու համար, թե ինչպես կարող է այն իսկապես թեթևացնել ձեռքի տակի գործը, այլ ոչ թե ավելի ծանրաբեռնել արդեն իսկ գերհոգնած ուղեղը:

Արդյունավետության սահմանները

ԱԲ-ի ամենադրական կողմերից մեկն այն է, թե ինչպես է այն ապակենտրոնացրել ու հասանելի դարձրել ստարտափների ստեղծումը: Սեփական միջոցներով զարգացող (bootstrapped) սոլոպրենյորների (միայնակ ձեռնարկատերերի) համար այլևս պարտադիր չէ վենչուրային կապիտալիզմի ներդրումներ ունենալը՝ լավ գաղափարը կենսունակ բիզնես դարձնելու համար: Այսօր նույնիսկ ծրագրավորման փորձ չունեցող մարդիկ կարող են ինքնուրույն սկսել ստարտափ՝ առանց կոդավորման խորը գիտելիքների:

Գեներատիվ ԱԲ-ն ոչ միայն կարող է ծառայել որպես սկզբնական աջակցող թիմ, այլև պարզեցնում է ահռելի ժամանակ պահանջող տաղտկալի առաջադրանքները: Պայմանագրի նախագիծ կազմելը նախկինում նշանակում էր կամ վճարել իրավաբանին, կամ ամբողջ հանգստյան օրերը ծախսել ձևանմուշների հետ չարչարվելու վրա: Հիմա դա տևում է րոպեներ: Նույնը վերաբերում է մարկետինգային տեքստեր գրելուն, հաճախորդների կարծիքների փաթեթը ամփոփելուն կամ նախագծի շնորհանդեսը (pitch deck) պատրաստելուն: Մուտքի շեմը զգալիորեն ցածրացել է:

Խնդիրն այն է, թե ինչպես է ծախսվում ազատված ժամանակը: ԱԲ գործակալները (AI agents) մասնավորապես արմատապես փոխել են իրավիճակը՝ աշխատելով ինքնուրույն և կատարելով առօրյա առաջադրանքները, որոնք նախկինում խլում էին օրվա ժամերը: Արդյունքներն ապշեցուցիչ են․ այժմ կան համակարգեր, որոնք պարզեցնում են ամենահոգնեցուցիչ գործերը՝ մարդկանց ազատություն տալով կենտրոնանալու այլ հարցերի վրա:

Բայց BCG-ի և Կալիֆոռնիայի համալսարանի հետազոտողները հայտնաբերել են նոր խնդիր: ԱԲ գործակալները կատարյալ չեն, և նրանց անհրաժեշտ է վերահսկողություն՝ համոզվելու համար, որ ճիշտ ուղու վրա են: Այսքան շատ գործակալների վերահսկման մտավոր ծախսը նրանք անվանում են «ուղեղի գերհոգնածություն» (brain fry)՝ սահմանելով այն որպես «մտավոր հոգնածություն՝ սեփական ճանաչողական հնարավորություններից առավել ԱԲ գործիքների չափից ավելի օգտագործման կամ վերահսկման պատճառով»:

Բազմաթիվ ընկերություններ ճնշում են գործադրում իրենց աշխատակիցների վրա՝ ստիպելով դառնալ ԱԲ անհոգնեբեկ վերահսկիչներ, նույնիսկ աշխատանքի արդյունավետության ցուցանիշները կապելով նրա հետ, թե քանի տող կոդ է գեներացվել ԱԲ-ի միջոցով: Բայց խնդիրը բուն ԱԲ-ն չէ, այլ այն, թե ինչպես է այն կիրառվում: Եվ ղեկավարների պարտականությունն է ապահովել, որ թիմերն օգտագործեն այն հօգուտ իրենց՝ տալով ավելի շատ մտավոր ազատ տարածություն, այլ ոչ թե հակառակը:

Ինչպես կարող են օգնել ղեկավարները

Օրինակ՝ Jotform ընկերությունում հպարտությամբ են ընդունել ԱԲ հեղափոխությունը: Անկետաները (Online forms) շատ հարմար են ԱԲ հնարավորություններից օգտվելու համար, և ընկերությունը թողարկել է մի շարք ապրանքներ (օրինակ՝ AI App Builder-ը), որոնք նախագծված են հաճախորդների կյանքը թեթևացնելու համար: Ընկերության թիմերը նույնպես օգտագործում են դրանք, ինչը լավագույն միջոցն է համոզվելու, որ դրանք աշխատում են:

Այնուամենայնիվ, Jotform-ում վաղվանից սահմանվել են ԱԲ օգտագործման լավագույն փորձի կանոններ, ինչն օգնում է զերծ մնալ ուղեղի գերհոգնածությունից: Ահա թե ինչպես է առաջարկվում մոտենալ դրան․

Չպատվիրակել խորքային մտավոր աշխատանքը (deep work)

Հատուկ ուշադրություն է պետք դարձնել նրան, որ թույլ չտրվի ԱԲ-ին մտածել մարդկանց փոխարեն: Թեև թիմերի համար կարևոր է փորձարկել նոր գործիքներ, մարդկային ստեղծագործ միտքը միշտ պետք է մնա առաջնագծում: Գեներատիվ ԱԲ-ն միանշանակ կարող է ծառայել որպես գործընկեր և գաղափարների քննարկման հարթակ, բայց օրվա վերջում պետք է լինի մարդ, ով ղեկավարում է ընթացքը:

ԱԲ-ի ամենակարևոր դերը երկրորդական, ավտոմատացվող աշխատանքի վերացումն է․ օրինակ՝ ԱԲ-ն օգտագործել ծանրաբեռնված էլեկտրոնային փոստարկղը կարգի բերելու, հանդիպումների նշումները ամփոփելու և որպես գործընկեր հանդես գալու համար՝ նոր գաղափարներ գնահատելիս: Դա չի նշանակում պատվիրակել մտածողությունը կամ ստեղծագործական միտքը:

Հետազոտողները պարզել են, որ երբ ԱԲ-ն սահմանափակվում է միայն այս նպատակներով, ուղեղի գերհոգնածության խնդիրը չեզոքացվում է:

Սահմանել հստակ կանոններ և սահմանափակումներ

Ինչ վերաբերում է ԱԲ-ի օգտագործմանը, աշխատակիցները չպետք է իրենց զգան ինչպես «Վայրի Արևմուտքում»: Ղեկավարները պետք է հստակեցնեն լավագույն փորձը և համոզվեն, որ յուրաքանչյուր աշխատակից հասկանում է՝ երբ և ինչպես օգտագործել ԱԲ գործիքները:

ԱԲ-ի վերաբերյալ հստակ ցուցումները ոչ միայն ապահով են պահում ընկերությունը և դրա տվյալները, այլև կանխում են աշխատակիցների ծանրաբեռնվածության ու շփոթվածության զգացումը: Jotform-ում, օրինակ, ապահովվում է ԱԲ-ի թափանցիկ օգտագործումը, և բոլորը հասկանում են, թե որ առաջադրանքներն են լիովին արգելված դրա համար:

Չակնկալել, որ արտադրողականությունը կարող է անսահմանորեն աճել

Հանգիստը հսկայական ուժ ունի: Լավագույն գաղափարներից և բացահայտումներից շատերը ծնվում են ոչ թե համակարգչի առջև նստած ժամանակ, այլ բնության գրկում կամ լիարժեք հանգստի ընթացքում:

Ուղեղի գերհոգնածությունը չափից ավելի շատ գործակալներ վերահսկելու մտավոր սպառվածության ախտանիշն է, և դա խնդիր է․ ԱԲ-ն հնարավորություն է տալիս քիչ ռեսուրսներով անել ավելին, բայց այդ ձեռքբերումներն անսահման չեն: Մարդկանց հանգիստ է անհրաժեշտ, և լավագույն ղեկավարները գիտեն սա: Անհրաժեշտ է պաշտպանել թիմերի հանգստի ժամանակը և համոզվել, որ նրանք հասկանում են ակնկալվող արդյունքների վերաբերյալ պահանջները:

Մտավոր հյուծվածությունը (burnout) սնվում է անորոշությունից: Ուստի կարելի է քաջալերել թիմերին օգտագործել ԱԲ-ն, բայց ակնկալիքները պետք է դարձնել հստակ, գործընթացները՝ թափանցիկ, իսկ սահմանները՝ ամուր:

Leave a comment