Մակրոնը հանդարտության կոչ է արել ցուցարարներին և հայտարարել, որ ջարդարարների նկատմամբ միջոցներ կձեռնարկվեն

Ֆրանսիայի մի շարք քաղաքներում բռնության բռնկումներից, ջարդերից և անկարգություններից մեկ օր անց, որոնք ուղեկցել էին շաբաթ օրը տեղի ունեցած բողոքի ցույցերը, երկրի նախագահ Էմանուել Մակրոնը կիրակի հանդես է եկել ֆրանսիացիներին ուղղված տեսաուղերձով, գրում է Euronews-ը։

«Ինչպե՞ս կարող են ֆրանսիացիներն այսպիսի բան անել Ֆրանսիայի հետ։ Ուզում եմ արտահայտվել չափազանց հստակ․ մենք անհաշտ ենք լինելու ջարդարարների և բոլոր նրանց նկատմամբ, ովքեր դիմում են բռնության։ Լսելու և երկխոսություն վարելու պատրաստակամությունը ո՛չ թուլություն է, ո՛չ էլ անպատժելիություն»,- հայտարարել է նա։

Մակրոնը տեղեկացրել է, որ վարչապետն «առաջիկա օրերին» հանդիպում կանցկացնի քաղաքական կուսակցությունների, արհմիությունների ներկայացուցիչների, ինչպես նաև լիցեյների աշակերտների և ուսանողների հետ՝ «կոնկրետ առաջարկներ» մշակելու նպատակով։

Նա նաև կոչ է արել «բոլոր քաղաքական կուսակցություններին, մասնագիտական կազմակերպություններին և արհմիություններին միանշանակ դատապարտել ցանկացած բռնություն և կոչ անել պահպանել հանգստությունը»։

«Յուրաքանչյուրը պետք է իր վրա  պատասխանատվություն ստանձնի։ Երկրին անհրաժեշտ են կարգուկանոն և հանդարտություն, այլ ոչ թե իրավիճակի սրում»,- ընդգծել է Էմանուել Մակրոնը։

Այս ելույթը հնչել է ընդդիմության կողմից կառավարության հասցեին մեղադրանքների ֆոնին։ Ընդդիմադիր ուժերը, առաջին հերթին՝ ձախ կենտրոնամետ և ձախակողմյան քաղաքական ուժերը, քննադատում են հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերի ընթացքում հասարակական կարգի պահպանման համար ընտրված ռազմավարությունը։

Իշխանությունների տվյալներով՝ ցույցերին մասնակցել է գրեթե 550 հազար մարդ, որից 110 հազարը՝ Փարիզում։ Ֆրանսիայի բազմաթիվ քաղաքներում բախումների և թալանի հետևանքով ցույցերը վերածվել են քաոսի։ Հարյուրավոր հաստատություններ և խանութներ հարձակումների թիրախ են դարձել։ Ամբողջական փողոցներ ծածկվել են աղբով ու կոտրված ապակիներով, իսկ մայթերն ու ճանապարհները պատվել են այրված մոպեդներով և սկուտերներով։

Լիմոժում XIX դարում կառուցված քաղաքապետարանի շենքը հրդեհի հետևանքով «մեծ մասամբ ավերվել է»։

Կիրակի երեկոյան հրապարակված տեղեկության համաձայն՝ ձերբակալվել է 2397 մարդ, իսկ ոստիկանության, ժանդարմերիայի և հրշեջ ծառայության 997 աշխատակից վիրավորվել է։

Դրանից մեկ օր առաջ՝ ճգնաժամային շտաբի նիստից հետո, վարչապետ Սեբաստիան Լըկորնյուն խոստացել էր ապահովել «թափանցիկություն»՝ կապված համազգային մոբիլիզացիայի օրվա ընթացքում հասարակական կարգի պահպանման կազմակերպման հետ։ Միաժամանակ, նա կոշտ քննադատության էր ենթարկել «Անհնազանդ Ֆրանսիա» (LFI) շարժումը։

«Կա՛մ դու Հանրապետության և հասարակական կարգի պահպանման ուժերի ճամբարում ես, կա՛մ ջարդարարների կողմում», հայտարարել է Լըկորնյուն՝ տեղի ունեցածի պատասխանատվությունը վերագրելովվ «արմատական ուժերի որոշակի միավորմանը, որում LFI-ը կարևոր դեր է խաղում»։

Ֆրանսիայի վարչապետի գրասենյակից հայտնել են, որ Լըկորնյուն կընդունի երկրի երեք խոշորագույն քաղաքների՝ Փարիզի, Մարսելի և Լիոնի քաղաքապետերին։ Հանդիպման ամսաթիվը դեռևս որոշված չէ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment