Mercedes-AMG-ն ներկայացրել է 1169 ձիաուժ հզորությամբ էլեկտրական GT SUV-ը

Mercedes-AMG ընկերությունը ներկայացրել է GT SUV էլեկտրական քրոսովերը։ Նոր մոդելը կառուցված է AMG.EA էլեկտրական հարթակի վրա, որն օգտագործվում է նաև նոր AMG GT 4-Door Coupe-ում։ Սկզբնական փուլում հասանելի կլինեն երեք տարբերակ՝ GT53, GT55 և GT63։ Մոդելի վաճառքը դիլերային կենտրոններում նախատեսվում է սկսել 2027 թվականի ամռանը։

Նոր մոդելի արտաքին դիզայնը որոշ ընդհանրություններ ունի էլեկտրական AMG GT 4-Door Coupe սեդանի հետ։ SUV-ն ունի լայն անվային բազա, ընդգծված անվային կամարներ, թեք տանիքի գիծ և առանց շրջանակների կողային ապակիներ։ Հետևի մասում տեղադրված են վեց կլոր լուսարձակներ։ Ակտիվ աերոդինամիկ համակարգը ներառում է Airpanel համակարգը՝ առջևի բամպերի շարժական փեղկերով, ինչպես նաև GT55 և GT63 տարբերակների ակտիվ հետևի սփոյլերը։

Սրահում տեղադրված են 10.2-դյույմանոց թվային գործիքների վահանակ և մուլտիմեդիա համակարգի 14-դյույմանոց կենտրոնական էկրան։ Հավելավճարով հասանելի է նաև առջևի ուղևորի համար նախատեսված առանձին՝ 14-դյույմանոց էկրան։ Մեքենան համալրված է նաև երեք տեղանոց հետևի նստարանով, ծալվող հետևի նստատեղերով և համայնապատկերային ապակե տանիքով, որի թափանցիկության աստիճանը հնարավոր է փոխել։ Թափքի և սրահի անհատական ձևավորման համար հասանելի կլինի Mercedes-Manufaktur ծրագիրը։

Mercedes-AMG GT53 SUV-ն համալրված է երկու էլեկտրաշարժիչով՝ մեկական յուրաքանչյուր առանցքի վրա։ Դրանց առավելագույն ընդհանուր հզորությունը հասնում է 544 ձիաուժի, իսկ առավելագույն պտտող մոմենտը կազմում է 590 Նմ։ Մինչև 100 կմ/ժ արագությունը մեքենան զարգացնում է 4.2 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 230 կմ/ժ։ Մարտկոցի տարողությունը 106 կՎտ/ժ է։

GT55 և GT63 տարբերակներն ունեն երեքական էլեկտրաշարժիչ՝ մեկն առջևում և երկուսը՝ հետևում։ Առջևի էլեկտրաշարժիչը կարող է անջատվել էներգիայի խնայողության նպատակով, իսկ անհրաժեշտության դեպքում՝ միացվել հզորությունը մեծացնելու և ճանապարհի հետ անիվների կպչունությունը բարելավելու համար։

GT55-ի առավելագույն հզորությունը հասնում է 816 ձիաուժի, իսկ պտտող մոմենտը՝ 1372 Նմ-ի։ GT63-ի համապատասխան ցուցանիշները կազմում են 1169 ձիաուժ և 1475 Նմ։ Երկու տարբերակներն էլ մինչև 100 կմ/ժ արագանում են համապատասխանաբար 3.1 և 2.7 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 270 կմ/ժ։ Երկուսն էլ համալրված են 128 կՎտ/ժ տարողությամբ մարտկոցով։

Բոլոր երեք տարբերակներն ունեն AMG Performance 4Matic+ լիաքարշակ համակարգ։ GT55-ը և GT63-ը նաև կարող են բաշխել քարշուժը հետևի անիվների միջև։ Էլեկտրական համակարգն աշխատում է 800 Վ լարման ներքո։ Լիցքավորման առավելագույն հզորությունը GT53-ի դեպքում կազմում է 600 կՎտ, իսկ GT55-ի և GT63-ի դեպքում՝ 710 կՎտ։

10 րոպե լիցքավորման ընթացքում GT53-ը կարող է համալրել էներգիայի պաշարը՝ WLTP ցիկլով մինչև 380 կմ ճանապարհ անցնելու համար, իսկ GT55-ը և GT63-ը՝ մինչև 451 կմ։ GT63-ի հայտարարված ընթացքի պաշարը, կախված համալրումից, WLTP ցիկլով կազմում է մոտ 619-700 կմ։

GT SUV-ի համալրման մեջ ներառված է AMG Active Ride Control+ նոր կախոցային համակարգը՝ հիդրավլիկ ամորտիզատորներով և կարգավորվող օդային զսպանակներով։ Այն օգնում է նվազեցնել թափքի թեքումները շրջադարձերի ժամանակ, առջևի մասի կտրուկ իջեցումը՝ արգելակելիս, ինչպես նաև թափքի բարձրացումը՝ արագացման ընթացքում։

GT63-ում այս համակարգը ներառված է ստանդարտ համալրման մեջ, իսկ GT55-ի համար հասանելի է հավելավճարով։ AMG Dynamic Plus փաթեթը GT63-ի ստանդարտ համալրման մասն է, իսկ GT55-ի համար առաջարկվում է որպես լրացուցիչ տարբերակ։ Այն ներառում է AMG Race Engineer Control Unit կառավարման բլոկը, որը թույլ է տալիս կարգավորել ուժային համակարգի արձագանքը, կառավարելիությունը և անիվների կպչունությունը ճանապարհին։

Շարժիչի ձայնի նմանակման համար նախատեսված է AMGForce Sport+ համակարգը։ GT53-ը վերարտադրում է վեցգլան շարժիչի ձայնը, իսկ GT55-ը և GT63-ը՝ V8 շարժիչի ձայնը։ Համակարգը նաև նմանակում է փոխանցումների փոխարկումը, որը հնարավոր է ակտիվացնել ղեկի տակ տեղադրված թիակների միջոցով։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

Leave a comment