Անկարա-Բաքու լարվածությունն աճել է Իսրայելի նախագահի այցի պատճառով

Ermenihaber. Բաքվում կայացած Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցառումների խորհրդակցության (CICA) 7-րդ գագաթնաժողովին Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի մասնակցությունը լայն արձագանք է ստացել Թուրքիայում։

Թուրքիայի օդային տարածքը փակ է Իսրայելի համար, սակայն Հերցոգին Բաքու տեղափոխած՝ «Շուշա» անունը կրող ադրբեջանական օդանավն անցել է նաև Թուրքիայի տարածքով։

Թուրքիայից հնչող քննադատություններին արձագանքել է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը՝ կտրուկ հակադարձելով այն թուրքական շրջանակներին, որոնք ամեն առիթ օգտագործում են Բաքվի դեմ թշնամանք հրահրելու համար։ Գործակալությունը նշել է, որ այցը կատարվել է ոչ թե հատուկ, այլ սովորական առևտրային չվերթով։ Ըստ APA-ի՝ Իսրայելի նախագահը, նրա տեղակալը և փոքրակազմ պատվիրակությունը Բաքու են ժամանել Բաքու–Թել Ավիվ–Բաքու երթուղու առևտրային չվերթով։ Նրանք, ինչպես մյուս ուղևորները, տոմս են գնել և թռել սովորական կարգով, ուստի Ադրբեջանի կողմից նրանց հատուկ ինքնաթիռ չի հատկացվել։

Ադրբեջանական իշխանություններն անդրադարձել են նաև Թուրքիայի և Իսրայելի միջև երկկողմ հարաբերություններին՝ նշելով, որ այցը քննարկման առարկա դարձնելը ճիշտ մոտեցում չէ։ Նրանց խոսքով՝ Հերցոգի օգտագործած չվերթի և Բաքու ժամանելու ընթացակարգի մասին անհիմն պնդումները տրամաբանական հիմք չունեն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment