Երևանի 2750-ամյակի այգում կգործի «Քաղաքային կենսաբազմազանության գոտին» (PAN.am)

Երևանի կենտրոնում՝ 2750-ամյակի այգում, երկու շաբաթ շարունակ գործելու է «Քաղաքային կենսաբազմազանության գոտին», որտեղ մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը հնարավորություն կունենան ծանոթանալու քաղաքի բնապահպանական նախաձեռնություններին և մասնակցելու տարբեր միջոցառումների։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու Երևանի բնապահպանական ծրագրերին, մասնակցելու աշխատարանների և քննարկումների, ինչպես նաև վայելելու փառատոնային ֆիլմերի դիտումներ և համերգային ծրագրեր»,-գրել է նա:

Քաղաքապետը հայտնել է, որ արդեն մեկնարկել է միջազգային համաժողովին առնչվող Առաջնորդների գագաթնաժողովը, իսկ հաջորդ շաբաթ Հայաստանը կհյուրընկալի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը։

Նա նշել է, որ միջազգային միջոցառման ընթացքում նախատեսվում է անցկացնել նաև Տեղական ինքնակառավարման մարմինների և քաղաքների իններորդ գագաթնաժողովը։

2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (COP 17) կանցկացվի Երևանի «Մերիդիան» էքսպոկենտրոնում:

Leave a comment