Մեծ ուրախությամբ և խորին երախտագիտությամբ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության անկախության 35-րդ տարեդարձի առթիվ կանադահայ անվանի քանդակագործ և նկարիչ Արտո Չաքմաքչյանի այրին՝ Նաիրի Պահլավունի-Չաքմաքչյանը, Կանադայում ՀՀ դեսպանությանն է նվիրաբերել արվեստագետի հեղինակած «Քայլող մարդը» քանդակի մանրակերտը։
Դեսպանությունը խորին շնորհակալություն է հայտնում Նաիրի Պահլավունի-Չաքմաքչյանին՝ այս արժեքավոր նվիրատվության և անվանի արվեստագետի ստեղծագործական ժառանգությունը պահպանելու ու հանրահռչակելու գործում ունեցած կարևոր ավանդի համար։
Հարություն (Արտո) Չաքմաքչյանը (1933-2019թթ.) եղել է Կանադայի գեղարվեստի թագավորական ակադեմիայի անդամ, 2015թ. նրան շնորհվել է Հայաստանի Հանրապետության պատվո շքանշան։
Ա. Չաքմաքչյանի այրին 2024թ. նրա 16 գրաֆիկական ստեղծագործությունները և 2 քանդակը նվիրաբերել է Հայաստանի ազգային պատկերասրահին։
2006թ. ստեղծված «Քայլող մարդը» քանդակի մեծ տարբերակը 2021թ. տեղադրվել է Երևանի Հյուսիսային պողոտայի սկզբնամասում՝ Հայաստանի Հանրապետության անկախության 30-րդ տարեդարձի առթիվ։
Կանադայում ՀՀ դեսպանություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: