Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ղրղզական Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի համատեղ հայտարարությունը

Ս. թ. հոկտեմբերի 16-17-ը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով Ղրղզական Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը պաշտոնական այցով այցելեց Հայաստանի Հանրապետություն:

Հայաստանի Հանրապետության վարչապետը և Ղրղզական Հանրապետության նախագահը համակողմանիորեն դիտարկելով միջպետական փոխգործակցության ողջ համալիրի վիճակը և զարգացման հեռանկարները,

հաշվի առնելով Հայաստանի և Ղրղզստանի միջև պատմականորեն ձևավորված կապերը, երկու երկրների ժողովուրդների միջև ավանդական բարեկամական և հարգալից հարաբերությունները,

առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության միջև բարեկամության և համագործակցության մասին 2002 թվականի ապրիլի 4-ի պայմանագրի դրույթներով, հաստատելով հավատարմությունը միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված նորմերին, 1945թ. հոկտեմբերի 24-ի ՄԱԿ-ի Կանոնադրության նպատակներին և սկզբունքներին,

համոզված լինելով, որ երկու պետությունների ճակատագրերը և բարեկեցությունը անբաժանելիորեն կապված են խաղաղության, անվտանգության և կայունության ամրապնդման հետ ինչպես Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում, այնպես էլ ամբողջ աշխարհում,

ձգտելով երկկողմ համագործակցության՝ որպես Հայաստանի Հանրապետության և Ղրղզական Հանրապետության միջպետական փոխգործակցության հիմքի հետևողական կատարելագործմանը և բովանդակալից լրացմանը, Հայաստանի Հանրապետության անկախության և Ղրղզական Հանրապետության անկախության հռչակման երեսուն հինգերորդ տարում, հայտարարում են հետևյալը.

Հայաստանի Հանրապետությունը և Ղրղզական Հանրապետությունը (այսուհետ՝ Կողմերը) լի են վճռականությամբ շարունակել ամրապնդել երկու ժողովուրդների միջև բարեկամության կապերը, առաջնորդվելով ինքնիշխանության հարգման, հավասարության, քաղաքական անկախության և փոխադարձ օգուտի, վեճերի խաղաղ կարգավորման և ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքները: Կողմերը կկառուցեն երկկողմ հարաբերությունները՝ ի շահ միջպետական փոխգործակցության խորացման՝ հիմնվելով դրանց զարգացման ռազմավարական տեսլականի վրա: Կողմերը կզարգացնեն կառուցողական փոխգործակցությունը երկկողմ հիմունքներով, ինչպես նաև բազմակողմ միավորումների շրջանակներում, ի շահ երկու երկրների բարգավաճման, կնպաստեն խաղաղության, կայունության և անվտանգության ամրապնդմանը:

Հայաստանի Հանրապետությունը և Ղրղզական Հանրապետությունը ճանաչում են միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման, ինչպես նաև հակամարտությունների կանխարգելման և խաղաղ կարգավորման գործում ՄԱԿ-ի առանցքային դերը: Կողմերը, տարածաշրջանային և միջազգային անվտանգության ապահովման իրենց հետաքրքրվածությունը ընդգծելով, կխորացնեն երկու պետությունների անվտանգության խորհուրդների, պաշտպանական, իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների գծով փոխգործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ փոխգործակցության բազմակողմ ձևաչափերում:

Կողմերը կշարունակեն արտաքին քաղաքական գերատեսչությունների գծով փոխգործակցությունը՝ ուղղված բազմակողմ միավորումների շրջանակներում, որոնց անդամները նրանք հանդիսանում են, գործընկերության, ինչպես նաև միջազգային օրակարգի հարցերի լայն շրջանակի շուրջ համագործակցությունը խթանմանը:

Կողմերն ընդգծում են Ղրղզական Հանրապետության՝ Տաջիկստանի Հանրապետության և Ուզբեկստանի Հանրապետության հետ պետական սահմանի վերաբերյալ ստորագրած պայմանագրերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության կողմից 2025 թվականի օգոստոսի 8-ին ստորագրված Վաշինգտոնի համատեղ հռչակագրի պատմական նշանակությունը, որոնք նպաստել են Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանը:

Կողմերը գոհունակությամբ են արձանագրում Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան միավորող տրանսպորտային-լոգիստիկ երթուղիների զարգացմանը ուղղված ջանքերը, և ընդգծում են դրանց անխափան գործունեության կարևորությունը: Հայաստանի Հանրապետությունը և Ղրղզական Հանրապետությունը համոզված են, որ Հայաստանի Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգի և Չինաստան-Ղրղզստան-Ուզբեկստան երկաթուղային ճանապարհի կառուցումը, այլ տրանսպորտային-լոգիստիկ երթուղիների հետ դրանց համադրումը կարող են էական ձևով բազմազանեցնել և ընդլայնել համաշխարհային և տարածաշրջանային մատակարարումների շղթաների կազմակերպման ներկա հնարավորությունները, ստեղծել երկրների և տարածաշրջանների միջև տրանսպորտային-լոգիստիկ ավելի սերտ փոխգործակցության համար լրացուցիչ հնարավորություններ:

Կողմերը հաստատում են ինտեգրացիոն միավորումների շրջանակներում, որոնց անդամները նրանք հանդիսանում են, արդյունավետ և փոխշահավետ համագործակցության ընդլայնման համար հետագայում ևս ջանքեր գործադրելու իրենց պատրաստակամությունը:

Կողմերը հաստատեցին իրենց աջակցությունը լեռնային շրջանների կայուն զարգացման և կլիմայի փոփոխությանը հարմարվողականության ոլորտում միջազգային նախաձեռնություններին, ներառյալ 2026 թվականի հոկտեմբերին Երևանում անցկացվող՝ ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի շրջանակներում «Երևանի հարթակ լեռների և դրանց հետ կապված քաղցրահամ ջրերի էկոհամակարգերի վերաբերյալ» Հայաստանի նախաձեռնությանը և անցկացմանը:

Կողմերը, առաջնորդվելով երկու երկրների ներկայիս և ապագա քաղաքացիների սերունդների բարեկամության ամրապնդման փոխադարձ նպատակով, ձգտելով երկու երկրների միջպետական հարաբերություններին հաղորդել նոր բովանդակային լրացում, նպատակադրված են՝  պահպանել երկկողմ հարաբերությունների ողջ շրջանակի վերաբերյալ կանոնավոր շփումները և վստահության վրա հիմնված երկխոսությունը բարձրագույն և բարձր մակարդակներում, խորացնել գերատեսչությունների միջև գործնական համագործակցությունը՝ այն ապագային միտված, փոխշահավետ ծրագրերով հարստացնելու նպատակով,  խորացնել համագործակցությունը Միավորված ազգերի կազմակերպության և միջազգային բնապահպանական կոնվենցիաների շրջանակներում՝ լեռնային երկրների օրակարգի առաջմղման և կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայունության բարձրացման, կենսաբազմազանության և խոցելի լեռնային էկոհամակարգերի, մասնավորապես՝ ներքին ջրային ավազանների պաշտպանության, հողերի և հողածածկույթի վերականգնման, ինչպես նաև լեռնային երկրների կայուն զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծման նպատակով միջազգային գործընկերության զարգացման ուղղությամբ,  երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համակողմանի աջակցություն ցուցաբերել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ղրղզական Հանրապետության Ժոգորկու Քենեշի միջև կապերի զարգացմանը,  ապահովել անհրաժեշտ պայմաններ Հայաստանի Հանրապետության և Ղրղզական Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի գործունեությանը համակարգված բնույթ հաղորդելու  և 2027–2029 թվականների համագործակցության ճանապարհային քարտեզի գործնական իրականացումն ապահովելու համար,  ակտիվացնել առևտրատնտեսական համագործակցությունը՝ նպաստելով փոխադարձ ապրանքաշրջանառության ծավալների ավելացմանը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության զարգացմանը, առաջին հերթին՝ տրանսպորտի և լոգիստիկայի, նորարարությունների և տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, հանքարդյունաբերության և մետալուրգիայի, ինչպես նաև վերամշակող արդյունաբերության ոլորտներում,  ընդլայնել համագործակցությունը Հայաստանի Հանրապետության մարզերի և Ղրղզական Հանրապետության շրջանների միջև, նպաստել առևտրատնտեսական և մշակութային-հումանիտար ոլորտներում ապակենտրոնացված համագործակցության զարգացմանը և խթանել տնտեսվարող սուբյեկտների միջև «հորիզոնական»՝ ուղիղ կապերը,  քննարկել Ղրղզական Հանրապետությունում հայկական «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կրթական կենտրոնի, ինչպես նաև հայկական «Անելի» և «Արմաթ» ազգային ինժեներական լաբորատորիաների մասնաճյուղերի հնարավոր գործարկման հարցը՝ որպես երիտասարդության կրթական և նորարարական ներուժի զարգացման նոր հարթակներ,  աջակցել մշակութային-հումանիտար կապերի զարգացմանը, այդ թվում՝ երկու երկրների տարածքներում բնակվող էթնիկ խմբերի լեզվական, մշակութային և այլ ինքնատիպության պահպանման խթանման, ինչպես նաև հասարակական-քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքին նրանց լիարժեք մասնակցության ապահովման միջոցով։

Աջակցել Հայաստանի Հանրապետության և Ղրղզական Հանրապետության ժողովուրդների ավանդույթների և հոգևոր արժեքների նկատմամբ հետաքրքրության խթանմանը,  2027–2028 թվականների ապահովել Հայաստանի Հանրապետության մշակույթի օրերի անցկացումը Ղրղզական Հանրապետությունում և Ղրղզական Հանրապետության մշակույթի օրերի անցկացումը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև միջոցառումների իրականացումը՝ նվիրված գրող Չինգիզ Այթմատովի ծննդյան 100- ամյակին և կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 125-ամյակին,  աջակցել համատեղ ցուցահանդեսների, երաժշտական և մշակութային այլ միջոցառումների կազմակերպմանը՝ մշակույթի ճանաչված գործիչների և երիտասարդների մասնակցությամբ,  ակտիվացնել համագործակցությունը՝ ուղղված զբոսաշրջության ոլորտում յուրաքանչյուր Կողմի ներուժի և առանձնահատուկ առավելությունների առաջմղմանը, ինչպես նաև զբոսաշրջության քաղաքականության և կառավարման ոլորտներում փորձի ու տեղեկատվության փոխանակմանը,  ակտիվացնել համագործակցությունը կրթության, գիտության և մտավոր սեփականության ոլորտներում, խրախուսել փոխանակման ծրագրերի ընդլայնումը, այդ թվում՝ ուսանողների, դասախոսների և հետազոտողների ակադեմիական շարժունությունը, ինչպես նաև զարգացնել համատեղ կրթական ծրագրերը, այդ թվում՝ կրկնակի դիպլոմների շնորհման ծրագրերը,  խրախուսել Հայաստանի Հանրապետության և Ղրղզական Հանրապետության մարզիկների և ազգային հավաքականների փոխադարձ մասնակցությունը երկու երկրների տարածքներում անցկացվող միջազգային մարզական միջոցառումներին,  զարգացնել համագործակցությունը հանրային ծառայության ոլորտում, այդ թվում՝ Կողմերի համապատասխան լիազորված մարմինների միջև կադրերի ընտրության ժամանակակից մեթոդների կիրառման և թվայնացման փորձի փոխանակման ուղղությամբ։

Երկու երկրների ղեկավարներն իրենց համոզմունքն են հայտնել, որ կայացած բանակցությունները, դրանց ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները և պաշտոնական այցի շրջանակներում ստորագրված փաստաթղթերը նոր խթան կհաղորդեն երկկողմ համագործակցության զարգացմանը և կծառայեն երկու երկրների ժողովուրդների շահերին։

Ղրղզական Հանրապետության նախագահ Ս․Ժապարովն անկեղծ երախտագիտություն է հայտնել Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Փաշինյանին և հայ ժողովրդին ջերմ ընդունելության և հյուրընկալության համար և Հայաստանի Հանրապետության վարչապետին հրավիրել է 2027 թվականին պաշտոնական այցով այցելել Ղրղզական Հանրապետություն։

Հրավերն ընդունվել է երախտագիտությամբ։ Այցի կոնկրետ ժամկետները կհամաձայնեցվեն դիվանագիտական ուղիներով»։


Leave a comment