Միրզոյան․ Ձե՞ռք եք առնում, չեմ ասել՝ վաղը հայ-թուրքական սահմանը կբացվի, ասել եմ՝ չի բացառվում

Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը պարզաբանել է հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման վերաբերյալ իր նախորդ հայտարարությունը՝ ընդգծելով, որ չի խոսել սահմանը հենց հաջորդ օրը բացելու որոշման մասին։

«Ես ասել եմ՝ մի օր զարթնեինք, օրինակ՝ երկուշաբթի զարթնեինք, օրինակ՝ վաղը զարթնենք, և տեսնենք, որ հայ-թուրքական սահմանը բացվել է, այսինքն՝ գործընթացն այնքան հասունացել է։ Թվում է թե հոդաբաշխ, հարց չառաջացնող բան եմ ասել, չէ՞, և կարդում եմ վերնագրեր՝ «Միրզոյան․ Վաղը հայ-թուրքական սահմանը կբացվի»։ Դե լավ, ժողովուրդ ջան, ձե՞ռք եք առնում։ Ասել եմ՝ չի բացառվում։ Ես խնդրում եմ ինձ հղում անելիս ամեն տառը ճիշտ մեջբերում անել»,- ընդգծել է Միրզոյանը, հայտնում է Factor.am-ը:

Արտաքին գործերի նախարարը վերահաստատել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը հասել է այնպիսի փուլի, երբ հնարավոր է սահմանի բացման վերաբերյալ որոշման ընդունումը, սակայն կոնկրետ ժամկետ չի սահմանվել։

ԱԳՄԱ նախարարի խոսքով՝ Հայաստան-Թուրքիա երկխոսությունն բավականին ինտենսիվ է, ընթանում է դիվանագիտական խողովակներով, և քննարկվում են տնտեսական ու առևտրային զանազան հարցեր։

Նախարարը տեղեկացրել է, որ ներկայում կողմերի միջև իրականացվում են նաև տեխնիկական և փորձագիտական մակարդակի խորհրդակցություններ։ Դրանցից մեկը վերաբերում է երկու երկրների էլեկտրաէներգետիկ ցանցերի փոխկապակցման հնարավորությանը։

Անդրադառնալով Երևանում անցկացվող COP17-ին ադրբեջանական կողմի չմասնակցելուն՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ որևէ նոր լարվածություն չկա։ Նա հիշեցրել, որ Հայաստանում անցկացվողը ՄԱԿ-ի միջոցառում է, և Ադրբեջանը, լինելով ՄԱԿ-ի անդամ, կարող էր հանգիստ մասնակցել համաժողովին։

Այն հարցին, թե արդյո՞ք Ադրբեջանը խոչընդոտում է հայ-թուրքական կարգավորմանը, նա պատասխանել է, որ գաղտնիք չէ, որ Ադրբեջանում կարծում են, Թուրքիայում էլ են ասում, որ երկու գործընթացները պետք է զուգահեռ գնան, հայտնում է Panorama.am-ը:

«Բանն այն է, որ մենք հիմա ունենք խաղաղություն Ադրբեջանի հետ, ունենք առևտուր Ադրբեջան հետ, այո, ոչ ուղիղ աշխարհագրորեն, ոչ ուղիղ սահմանով։ Կյանքն առաջ է գնում»,-ասել է նա:

Թուրքիայի հետ սահմանը դեռ փակ է, սակայն հարաբերությունների կարգավորման գործընթացը բավականին հասունացել է արդեն, հայտարարել էր արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարմասին Արարատ Միրզոյանը Վարշավայի անվտանգության ֆորումում։

«Մենք կարող ենք հեշտությամբ վաղն առավոտյան լրահոսում գտնել մի վերնագիր հայ-թուրքական սահմանի բացման մասին և այլն»,- նշել էր Միրզոյանը:

Leave a comment