ՀԴԲ տնօրենն «MS NOW»-ին մեղադրել է կեղծ տեղեկատվություն հրապարակելու մեջ

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) տնօրեն Քեշ Պատելը մեղադրել է «MS NOW» հեռուստացանցին կեղծ տեղեկատվություն հրապարակելու մեջ։

ՀԴԲ-ի տնօրենը ներողություն պահանջելու մասին հայտարարել է X սոցիալական հարթակում։

Ըստ Պատելի՝ լրագրողները պարտավոր են ներողություն խնդրել ՀԴԲ-ից, իրավապահ մարմինների ողջ համակարգից և ամերիկյան ժողովրդից։

Հակամարտությունը ծագել է «MS NOW»-ի մի ռեպորտաժի պատճառով, որում նշվել էր, թե ՀԴԲ-ի տնօրենը եղել է Ռուսաստանում։ Հեռուստացանցը հղում էր կատարել աղբյուրների, ըստ որոնց՝ Պատելի ինքնաթիռը վայրէջք է կատարել Ռուսաստանի տարածքում։ Ռեպորտաժի հրապարակման պահին տնօրենը եղել էր Վիրջինիա նահանգում, որտեղ դասախոսություն է կարդացել ուսանողների համար։ «Եթե լրատվամիջոցը չի կարողանում ճշտել իմ վայրը նախքան նյութը եթեր հեռարձակելը, ապա ինչպե՞ս կարող է հանրությունը վստահել նրա լուսաբանմանն այն աշխատանքի վերաբերյալ, որն ամեն օր կատարում են մեր գործակալները և աշխատակիցները։ Խոսքը միայն ինձ վերաբերող կեղծ պատմության մասին չէ»,- գրել է նա։

ՀԴԲ-ի տնօրենը նշել է, որ «MS NOW»-ն «անընդհատ ստում է» Բյուրոյի մասին՝ խեղաթյուրելով դրա գործունեությունը։ Որպես Բյուրոյի աշխատանքի արդյունավետության ապացույց՝ նա վկայակոչել է վիճակագրական տվյալներ. բռնի հանցագործությունների գործերով կատարվել է ավելի քան 53 900 ձերբակալություն, իսկ սպանությունների թիվը կրճատվել է գրեթե մեկ հինգերորդով։

Leave a comment