Մենք զգում ենք՝ եվրաինտեգրման ինչ խորը պրոցեսներ են գնում Հայաստանում․ Նարեկ Կարապետյանը հեգնեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ դեղերի շուկայի օրենսդրական կարգավորումներին, դեմպինգի ռիսկերին, ու նաև հեգնանքով խոսեց Երևանում անցկացվող COP17 համաժողովի մասնակիցների կազմի և դրա վրա ծախսված 30 միլիոն դոլարի մասին։

խոսելով դեղերի գրանցման բարձր գներին (շուրջ 10 000 դոլար մեկ դեղի համար, որն էականորեն թանկ է Վրաստանից) և դրա հետևանքով սև շուկայի ձևավորմանը՝ Կարապետյանը նշեց, որ առաջարկվող օրենսդրական նախաձեռնությունը դեմպինգի կամ մոնոպոլիայի չի հանգեցնի։

«Տարբեր ընկերություններ գրանցելու են նույն արդյունքը բերող, տարբեր արտադրողներից դեղեր։ Եթե նույնիսկ մեկը որոշակի ժամանակահատված դեմպինգ անի, այլընտրանք առաջարկողները շուկայում մնալու են։ Բացի այդ, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը պետք է արդյունավետ գործի»,- ընդգծեց նա։

Պատասխանելով հարցին, թե ինչու COP17-ին ներկա չեն եվրոպական երկրների ղեկավարներ, Նարեկ Կարապետյանը հեգնանքով նշեց․ «Մենք ուրախ ենք, որ մեր երկիր են այցելել Տաջիկիստանի, Ղրղզստանի, Ղազախստանի, Իրանի ղեկավարները և Զանզիբարի նախագահը։ Մենք զգում ենք, թե եվրաինտեգրման ինչ խորը պրոցեսներ են գնում Հայաստանում։ Եվրոպական միության երկրների ուշադրությունը շատ է երևում»։

Կարապետյանը քննադատեց COP17-ի կազմակերպման համար պետական բյուջեից կատարված ծախսերը՝ դրանք անվանելով կոռուպցիոն դրսևորում․ ըստ նրա՝ 30 միլիոն դոլար է ծախսվել ընդամենը 10 օրվա միջոցառման համար, ինչը համադրելի է Գյումրի քաղաքի տարեկան ներդրումային բյուջեի հետ։

22 միլիոն դոլար կանխավճար է փոխանցվել մեկ ընկերության («Մերիդիան»), որն ըստ նրա՝ միակ մասնակիցն է եղել մրցույթում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment