COP17-ի Կապույտ գոտում հանդիսավորությամբ բացվել է Հայաստանի ազգային տաղավարը, որի բացման արարողությանը մասնակցել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը և շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։
Նրանք համատեղ կատարել են Հայաստանի ազգային տաղավարի հանդիսավոր բացումը։ Նախարարությունում առանձնահատուկ պատիվ են համարել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին Հայաստանի ներկայացումը՝ ընդգծելով երկրի բնաշխարհի հարստությունն ու բազմազանությունը, հազարամյակների պատմությունը, մշակութային հարուստ ժառանգությունը և ազգային ինքնության առանձնահատկությունները, հայտնում է Շրջակա միջավայրի նախարարությունը:
Ազգային տաղավարում համախմբվել են Հայաստանի ինքնատիպությունը բնորոշող կարևորագույն արժեքները՝ բնության անկրկնելի գեղեցկությունը, պատմական ու մշակութային բազմաշերտ ժառանգությունը, ինչպես նաև դարերի ընթացքում պահպանված և սերնդեսերունդ փոխանցված ավանդույթներն ու ազգային արժեքները։
Նախատեսվում է, որ համաժողովի ամբողջ ընթացքում հայկական տաղավարը կծառայի որպես միջազգային հանրությանը Հայաստանը ներկայացնելու կարևոր հարթակ։ Այն հնարավորություն կընձեռի օտարերկրյա հյուրերին ավելի հանգամանորեն ծանոթանալու Հայաստանի բնական և մշակութային հարստություններին, բացահայտելու երկրի առանձնահատկությունները, հաստատելու նոր գործընկերային կապեր և ձևավորելու տարբեր ուղղություններով համագործակցության հեռանկարներ։
Հայաստանի ազգային տաղավարի բացումը ևս մեկ կարևոր առիթ է դարձել միջազգային հանրության ուշադրությունը երկրի հարուստ բնաշխարհի, յուրահատուկ մշակույթի և պատմական արժեքների վրա հրավիրելու համար։ Միաժամանակ այն հնարավորություն է ընձեռում ներկայացնելու Հայաստանը որպես կենսաբազմազանության պահպանությանը նվիրված համաշխարհային նշանակության խոշորագույն համաժողովներից մեկը հյուրընկալող երկիր։
2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (COP 17) կանցկացվի Երևանի «Մերիդիան» էքսպոկենտրոնում: