Դեպի հարավ գնացող հատվածն անցնում է Տիգրանաշենով, մեր բոլոր տրանսպորտային հիմնական կոմունիկացիաները` Վայոց ձորի եւ Սյունիքի հետ կապող տարածքները, հայտնվելու են Ադրբեջանի վերահսկողության տակ. Խոսրով Հարությունյան. «Հրապարակ»

ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով Փաշինյանի  հայտարարություններին, ասում է. «Կա գրված մի շատ կարեւոր սկզբունքի մասին. մասնավորապես` չի կարելի սահմանազատում եւ սահմանագծում իրականացնել ուժի եւ սպառնալիքի ազդեցության տակ: Այժմ ադրբեջանական զինված ուժերը Սոթքից մինչեւ Խոզնավար բոլոր ռազմավարական բարձունքները գրավել են: Ընդ որում` այդ պրոցեսը տեղի է ունեցել 44-օրյա պատերազմից հետո: Ադրբեջանական զինված ուժերը ոչ միայն ներկա են ռազմավարական նշանակություն ունեցող հայկական բարձունքներում, այլեւ սահմանային կառուցապատման լուրջ աշխատանքներ են իրականացնում, ամրապնդում են իրենց տարածքային կարողությունները: Եվրոպայի անվտանգության համագործակցության կազմակերպությունը հստակ նշում է, որ նման պայմաններում անթույլատրելի է սահմանազատման աշխատանքներ իրականացնելը, որովհետեւ այդ ամենի արդյունքում Հայաստանը կընդունի որոշումներ ստիպված` վախի ազդեցության տակ: Նման պայմաններում արված սահմանազատումը չի կարող օրինաչափ համարվել: Սա էլ դեռ քիչ է, ապագա սահմանը կդառնա նոր լարվածության կամ ռազմական գործողությունների աղբյուր: Ինչ մեկնաբանությամբ ուզում եք Արծվաշենը մոտեցրեք մեզ կամ Տիգրանաշենը տվեք իրենց, այդուհանդերձ, այդ մի քանի քառակուսի մետրն Ադրբեջանի համար, որն ունի 86 հազար 600 քառակուսի կիլոմետր տարածք, ի՞նչ կարեւոր նշանակություն ունի: Ուրեմն խնդիրն այլ է: Պատկերացնո՞ւմ եք Տիգրանաշենն այսօրվա աշխարհագրությամբ հանձնվի Ադրբեջանին, դեպի հարավ գնացող հատվածն անցնո՞ւմ է Տիգրանաշենով` այո, իսկ սա նշանակում է, որ մեր բոլոր տրանսպորտային հիմնական կոմունիկացիաները` Վայոց ձորի եւ Սյունիքի հետ կապող տարածքները, հայտնվելու են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Ի՞նչ է սա, եթե ոչ սպառնալիք»:

 Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ 
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment