Ադրբեջանը կրկին ցանկանում է գազ գնել «Գազպրոմից»

Քաղաքականություն

16.10.2026 | 17:03

Ադրբեջանը ցանկանում է վերսկսել ռուսական գազի գնումները «Գազպրոմ»-ից։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի  պետական նավթային ընկերության (SOCAR) փոխնախագահ Էլշադ Նասիրովը՝ Ռուսաստանի էներգետիկ շաբաթվա շրջանակում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Կարող ենք հպարտությամբ ասել, որ մեր համագործակցությունը «Գազպրոմ»-ի նման հսկայի հետ շատ ճիշտ օրինակ է։ Հավանաբար, SOCAR-ն աշխարհում միակ ընկերությունն է, որը սկզբում գազ էր գնում «Գազպրոմ»-ից, հետո գազ էր մատակարարում «Գազպրոմ»-ին, իսկ այժմ կրկին ցանկանում է գազ գնել»,- ասել է նա։

Լրագրողների հարցին՝ որքա՞ն գազ կցանկանար Ադրբեջանը գնել «Գազպրոմ»-ից, Նասիրովը պատասխանել է, որ առայժմ նման տվյալներ չկան․ «Սա պարզապես արձանագրում է փաստի, որ մենք և՛ գազ ենք գնում, և՛ վաճառում։ Կոնկրետ ծրագրեր չկան»։

Բացի այդ, Ադրբեջանը հնարավոր է համարում Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղի օգտագործումը՝ ռուսական նավթը հանրապետության նավթավերամշակման գործարաններ մատակարարելու համար։

«Ռուսաստանի տարածքով անցնող Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղը, ռուսական կողմի ցանկության առկայության դեպքում, կարող է աշխատել հակառակ ուղղությամբ՝ հաշվի առնելով, որ հակառակ ուղղությամբ հոսքն իրականացվել է 1996 թվականին։ Սակայն միշտ հնարավոր է փոխել խողովակաշարի հոսքի ուղղությունը՝ ռուսական նավթը դրանով Ադրբեջանում գտնվող նավթավերամշակման գործարաններ մատակարարելու համար»,- ասել է Նասիրովը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment