Նիկոլ Փաշինյանը ցանկանում է մինչև 2031 թիվը հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ու վավերացմանը։ Այդ մասին նա այսօր հայտարարեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
«Սա մեր կառավարության ու քաղաքական թիմի անելիքն է, սակայն ես` որպես ՀՀ վարչապետ, ինքս ինձ համար խնդիր եմ դրել մինչև 2031 թիվը հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ու վավերացմանը։ Դա նաև իմ անձնական օրակարգի համար շատ կարևոր եմ համարում»,– հայտարարեց նա։
Փաշինյանի խոսքով` այսօր նա հստակ տեսնում է, որ կա այդ հնարավորությունը, և պետք է կենտրոնացած լինենք այդ օրակարգի վրա։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրել են յոթ կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որը ամրագրում է կողմերի խաղաղության ձգտումը` առանց մանրամասները ներկայացնելու։ Փաստաթղթի տակ ստորագրություն է դրել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։