Ադրբեջանի իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցությունը երկրում ընթացող բողոքի ակցիաների ֆոնին Թուրքիայի քաղաքական ուժերին կոչ է արել չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Կուսակցության հայտարարության մեջ նշվում է, որ թուրքական մի շարք լրատվամիջոցներ և սոցիալական ցանցերի հարթակներ, այդ թվում՝ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (ԱԶԿ) մոտ կանգնած լրատվական ռեսուրսները, Ադրբեջանի մասին տարածում են «իրականությանը չհամապատասխանող, կողմնակալ և զրպարտչական տեղեկություններ»։
«Ենի Ադրբեջանը» հայտարարել է, որ Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Օքթայ Սարալը և իշխող կուսակցության պատգամավորները հանդես են եկել «պոպուլիստական և անպատասխանատու հայտարարություններով»՝ հաշվի չառնելով խնդրի էությունը, Ադրբեջանի սահմանադրական կարգը և երկրում դավանանքի ազատության իրավական հիմքերը։
Ավելի վաղ Սարալը, անդրադառնալով Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելքին, X սոցիալական ցանցում գրել էր, որ «Ադրբեջանում գլխաշոր կրող աշակերտուհիներին կրթության իրավունքից զրկելն անընդունելի է»։
«Մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը հնարավորինս շուտ կհրաժարվի այս սխալից»,- հայտարարել էր Թուրքիայի նախագահի խորհրդականը։
«Ենի Ադրբեջանը» նաև արձագանքել է Թուրքիայում ադրբեջանա-իսրայելական հարաբերությունների վերաբերյալ քննադատություններին։ Կուսակցությունը հայտարարել է, որ փորձեր են արվում «միտումնավոր խեղաթյուրել ադրբեջանա-իսրայելական հարաբերությունները, այդ կապերը ներկայացնել որպես բացառիկ բնույթի հարաբերություններ և դրա հիման վրա քաղաքական մեղադրանքներ առաջադրել Ադրբեջանին»։
Կուսակցությունն «անընդունելի» է համարել հիջաբի հարցը «քաղաքական շահարկումների և պառակտման գործիք», ինչպես նաև «Ադրբեջանի նկատմամբ քաղաքական ճնշման միջոց» դարձնելը։
Ըստ հայտարարության՝ նման քայլերը չեն նպաստում թուրք ժողովրդի միասնությանը և մահմեդական աշխարհի համերաշխությանը։ «Ենի Ադրբեջանը» Թուրքիայի իշխող կուսակցության ղեկավարությանը կոչ է արել հրաժարվել «վնասակար քաղաքականությունից»։
Կուսակցությունը հավելել է, որ Թուրքիայի իշխող ուժի ներկայացուցիչները պետք է քաղաքական պատասխանատվություն ցուցաբերեն իրենց հայտարարություններում և հարգեն Ադրբեջանի ինքնիշխանությունը, սահմանադրական կարգն ու ներքին գործերը։
Հայտարարությունը հնչել է սեպտեմբերից Անկարայի և Բաքվի հարաբերություններում նկատվող լարվածության, ինչպես նաև Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելքի դեմ շարունակվող բողոքի ակցիաների ֆոնին։
Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերություններում լարվածությունն աճել էր սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ելույթից հետո։
Այդ ժամանակ մի շարք երկրների, այդ թվում՝ Թուրքիայի ներկայացուցիչները, ի նշան բողոքի, լքել էին նիստերի դահլիճը։ Սակայն Ադրբեջանի ներկայացուցիչը մնացել էր դահլիճում, ինչը քննադատության էր արժանացել թուրքական լրատվամիջոցներում։
Հոկտեմբերի 2-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն «որևէ մեկի օգնության կամ հովանավորության կարիքը չունի»։
«Երբ մեզ օգնություն էր անհրաժեշտ, ոչ ոք չօգնեց։ Երբ մենք մեկ միլիոն փախստական ունեինք, ոչ ոք մեզ օգնության ձեռք չմեկնեց։ Այն ամենը, ինչ ձեռք ենք բերել, գնել ենք փողով։ Այդ թվում՝ ամբողջ զենքը, ընդ որում՝ համաշխարհային գներով՝ մինչև վերջին փամփուշտը»,- հայտարարել էր Ալիևը։
Սեպտեմբերի վերջին Ադրբեջանի իշխանություններն արգելել էին դպրոցներում կրել «հաստատված դպրոցական համազգեստի միասնականությունը խախտող և հանրակրթության աշխարհիկ բնույթի սկզբունքին չհամապատասխանող հագուստի տարրեր»։
Որոշումը քննադատության էր արժանացել նաև Թուրքիայում։ Հիջաբ կրելու արգելքից հետո Ադրբեջանում բողոքի ակցիաներ էին սկսվել։