«Նախարարությունը փորձել է մեկ անձից գնումը ներկայացնել մրցույթի շղարշի ներքո»․ Հասմիկ Ենգոյանը՝ COP-17-ի շրջանակում «Դոպինգ Սփեյս»-ի հետ կնքված պայմանագրերի առիթով

«Նախարարությունը փորձել է մեկ անձից գնումը ներկայացնել մրցույթի շղարշի ներքո։ Կառավարության որոշմամբ՝ իրոք կա տող, որ ՄԱԿ-ի կողմից իրականացվող միջոցառումների ժամանակ կարող է գնումն իրականացվել մեկ անձից։ Կառավարության անհատական որոշման հիման վրա որոշում է կայացվել COP-17-ի շրջանակում իրականացնել գնումներ մեկ անձից։ Ինչ-որ նախաորակավորում, 12 ընկերությունների իբր թե մրցույթ են արել, բայց եթե մրցույթ եք անում, գնումների օրենքն ունի նախաորակավորման երկփուլանի մրցույթ, այնպես որ, հիմա, երբ մեզ փորձում են համոզել, որ դա եղել է մրցակցային հիմունքներով, որ այս ընկերությունն ընտրվել է մրցույթի արդյունքում, որևէ փաստ չտեսանք․ այդ հրավերը որտե՞ղ է ներկայացվել, ի՞նչ հայտ է ներկայացվել»,-«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների մամուլի ասուլիսի ժամանակ այսպիսի մտահոգություն հայտնեց խմբակցության պատգամավոր Հասմիկ Ենգոյանը՝ անդրադառնալով COP-17-ի շրջանակում «Դոպինգ Սփեյս» ընկերության հետ կնքված պայմանագրին։

Պատգամավորն ասաց, որ իրենք հայտնաբերել են առնվազն 10 պայմանագիր COP-17-ի շրջանակներում՝ կնքված նույն այս կազմակերպության հետ․ «Այն, լինելով միջոցառումներ և գովազդներ իրականացնող կազմակերպություն, ստացել է պետությունից պայմանագիր օրինակ՝ տեսախցիկների տեղադրման և կարգաբերման, կահույքի մատակարարման, տրանսպորտային փոխադրման և այլնի համար։ Մեզ ուզում են համոզել, որ ՀՀ-ում կա այս մեկ ընկերությունը, որ այս ամենը հոյակապ, բարձր մակարդակով, ՄԱԿ-ի ստանդարտներին համապատասխան կարողացել է իրականացնել»։

Հարցին՝ քանի որ նշեցիք 10 գնում կատարվել է մեկ անձից, արդյոք ուսումնասիրե՞լ եք այս ընկերության՝ հնարավոր կապն իշխանության որևէ ներկայացուցչի հետ, և COP-17-ի անցկացումը ՀՀ բյուջեի վրա որքա՞ն գումար է արժեցել, Հասմիկ Ենգոյանը պատասխանեց․ «Բյուջեից COP-17-ի վրա ինչքան գումար է ծախսվել, անգամ երեկ չկարողացավ պատասխանել կառավարության ներկայացուցիչը։ Մեր բացահայտած թվերի հիման վրա «Մերիդիանը» ֆինանսավորվել է 11 միլիարդ դրամով, «Դոփինգ սփեյս» կազմակերպությանը 10 պայմանագրով տրվել է 2 միլիարդ դրամ։ Ֆինանսավորումն արվել է ոչ թե բյուջեի միջոցների հաշվին, այլ կառավարության պահուստային ֆոնդից։ Այս տեղեկությունն է եղել մեզ հասանելի, թե դրանից ինչքան ավել է ծախսվել, չգիտեմ։ Նոր եղավ լրացում, որ պատվիրակությունների տոմսերի հետ կապված էլ ունեն խնդիր, և կլորիկ գումար էին հատկացրել, որ պատվիրակությունների ժամանումը ՀՀ ապահովեն։ Բոլոր պայմանագրերում, որոնք հանրամատչելի են, բացակայում է տեխնիկական բնութագիրը։ Օրինակ՝ «Մերիդիանի» վրա դրված կան շինարարական աշխատանքներ, բայց չկա կցված նկարագիր, թե ինչ աշխատանքներ են կատարվելու»։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիանա Մանուկյանն էլ ասաց․ «Կա մի նրբություն։ Երեկ տարբեր իշխանական աղբյուրներից հնչում էր պատասխան, որ տարածքի ընտրությունը ՄԱԿ-ի որոշմամբ է կատարվել։ Մենք չենք ասում՝ տարածքը չէր համապատասխանում, իսկ այդ տարածքի վարձակալության շուկայական գինը տրամաբանության մե՞ջ է։ Կառավարության որոշմամբ՝ ՀՀ ՏԿԵ նախարարությունը «Մերիդիան հոլդինգից» վարձակալում է 496,9 քմ տարածք՝ մեկ քմ 23,48 դրամով։ Իսկ COP-ի շրջանակներում 1 քմ-ն վարձակալության տրվել է 462,5 դրամով։ Այսինքն՝ եթե որևէ պայմանագիր կնքվում է COP-ի շրջանակում, գինը 20 անգամ թանկանում է»։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment