Հաստատվել է «Հրազդանի կիրճի» կառավարման միջոցառումների ծրագիրը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երևանի ավագանին այսօր նիստ է գումարել։

Երևանի ավագանու որոշմամբ հավանության արժանացավ  «Հրազդանի կիրճ» պահպանվող տեղանք կատեգորիայի տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածք ստեղծելու մասին որոշման նախագիծը:

Հաստատվել է «Հրազդանի կիրճ» պահպանվող տեղանք կատեգորիայի տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքի կառավարման ժամանակավոր միջոցառումների ծրագիրը, սահմանների նկարագիրը, հատակագիծը և տարածքի չափը՝ 236.26 հեկտար։

Երևանի տարածքում Հրազդան գետի կիրճն այն քիչ խաթարված վայրերից է, որտեղ քաղաքային մեծ ազդեցությունների պայմաններում դեռևս կարելի է գտնել բնական հարուստ կենսաբազմազանություն, արժեքավոր բնական համակարգեր, որոնք կարևոր նշանակություն ունեն քաղաքի կայուն և հետևողական զարգացման համար:

Հրազդանի կիրճին բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակի շնորհումը հնարավորություն կտա կազմակերպել կիրճում առկա երկրաբանական, բնական և պատմամշակութային հուշարձանների, այնպես էլ բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների, այդ թվում՝ կարմիրգրքյան տեսակների արդյունավետ պահպանություն:

Բացի այդ, հնարավորություն կստեղծվի նաև բնահեն լուծումների կիրառմամբ զարգացնել կիրճի վերականգնվող հնարավորությունները և ապահովել կիրճի մատչելիությունը բնակչության համար:

Երևանի ավագանու հաջորդ հերթական նիստը կգումարվի նոյեմբերի 17-ին:

Leave a comment