Լարված մթնոլորտ, քանդված կրպակներ․ ի՞նչ են առաջարկում գործազուրկ դարձածներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Ձուկ ու միս էի վաճառում, հիմա չգիտեմ՝ ինչով եմ զբաղվելու։ Տարածք եմ ման գալիս, անգործ եմ մնացել»,- ձկնավաճառ տղան ասում է՝ տան միակ աշխատողն էր։ Ըստ նրա՝ այսօրվանից գործազուրկ է մնացել, քանի որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ քանդվել է նաև նրա վարձակալած կրպակը։

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանն աշխատակազմի մեծաթիվ աշխատակիցների հետ անձամբ էր հետևում Շինարարների փողոցում կրպակների քանդման աշխատանքերին։ Դրանք ուղեկցվում էին պաշտոնյաների, ընդդիմադիրների ու քաղաքացիների փոխադարձ վիրավորանքներով և վիճաբանություններով։

Ըստ թաղապետի՝ Շինարարների փողոցում 55 կրպակ է քանդվել, որից 13-ը՝ այսօր։ ՔՊ-ական Սերոբ Սարգսյանը նշում է, որ տարածքները հանրային շահ են, կանաչապատման նպատակով են ազատագրվում։

«Մենք էլ ենք հանրություն, նենց չի, որ մենք ուրիշ ենք, սա անելու բա՞ն էր, որ արեցին»,- ասաց քանդված խանութի սեփականատերերից մեկը։

Սեփականատերերը նախորդ շաբաթվանից ահազանգում են՝ նշելով, որ սեփականության վկայական ունեն, բացի այդ՝ պատշաճ ժամկետում չեն իրազեկել, պատահական են լսել, որ իրենց խանութները քանդվելու են, ժամանակ չեն ունեցել նոր տարածքներ գտնելու համար, կանգնում են սոցալական խնդիրների առաջ։ Աջափնյակի թաղապետն ասաց՝ փոխհատուցելու են, սակայն գումարի չափ ու տրամադրման ժամկետներ չնշեց։

«Վարձակալներին օգնելու ենք նոր տարածքներ գնելու հարցում, շինությունների տերերի հետ էլ փոխհատուցման հարցն ենք քննարկելու, այնպես չէ, որ այս մարդկանց մոռանալու ենք»,- ասաց վարչական շրջանի ղեկավարը։

Շինարարների փողոցում ընդամենը երկու կրպակ տեղում մնաց։ Դրանք սեփականության վկայական ունեն, դատարանը թույլ չի տվել ապամոնտաժել։ Ուշագրավ է, որ Աջափնյակի թաղապետ Սերոբ Սարգսյանը մոտ մեկ ամիս առաջ այսօր քանդված կրպակների վերաբերյալ Factor TV-ի լրագրողին փոխանցել էր, որ դրանք սեփականության վկայական ունեն և քանդման ենթակա չեն։

Այսօր քանդված մի քանի կրպակների սեփականատերեր Երևանի քաղաքապետի որոշումը բողոքարկելու են դատարանում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան

 

 

 

Leave a comment