Գագիկ Գինոսյանի համար պարը պարզապես շարժում չէր, այլ ժողովրդի պատմությունը, հիշողությունն ու ինքնությունը կրող կենդանի լեզու

«Ես վախենում եմ, շատ եմ վախենում, որ վաղը պարը գրաբար դառնա»։

Գագիկ Գինոսյան

Հեշտ չէ պահել ու պահպանել ազգայինը՝ պատմություն, մշակույթ, սովորություններ, ավանդույթներ… Ու լավ է՝ լինում են անհատներ, ովքեր մեծ ջանքերի, նվիրումի շնորհիվ կարողանում են ահռելի գործ անել այս առումով ու ազգային մշակույթ ժառանգել սերունդներին։ Ցավոք, նույն անհատներն ավարտին չեն հասցնում իրենց սկսածը։ Արտակ Մովսիսյան, Սամվել Կարապետյան, Գագիկ Գինոսյան ու ուրիշներ, ովքեր Աստծո կամոք կանգ առան ճանապարհի կեսին, բայց ամուր հիմքով է նրանց կերտած ճանապարհը, մնում է լինի շարունակություն։

«ԶԱՐԿԴ ՊԱՀԻՐ» գեղարվեստավավերագրական համերգը, որ կայացավ հոկտեմբերի 12-ին Երևանում՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում, նվիրված էր Գագիկ Գինոսյանի ծննդյան 60 և նրա հոգեզավակ «Կարին» համույթի կազմավորման 25-ամյակներին։ Ինչ խոսք, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ազգագրական պարերի մասնագետ, հասարակական գործիչ, կիբեռնետիկ, Արցախյան պատերազմի մասնակից (եղել է լեգենդար Լեոնիդ Ազգալդյանի զինվորը), հայրենագետ Գագիկ Գինոսյանը բացել է մի ճանապարհ, որը թույլ չի տա, որ պարը գրաբար դառնա։ Ընդհակառակը, նա կարողացավ գրաբար-պարը հասցնել դպրոց։ Նրա հեղինակած «Ազգային երգ ու պար» առարկան 2011 թ. առաջին անգամ փորձարկվեց «Այբ» դպրոցում։ 2014-ից մինչ այժմ Հայաստանի հարյուրավոր դպրոցների 5-7-րդ դասարանցիներն «Ազգային երգ ու պար» առարկան են անցնում։ Տարիների ընթացքում Կարինցիների կողմից վերապատրաստվել է 600-ից ավելի ուսուցիչ։ Իհարկե՝ հեշտ չէր այսքանը, ու պատահական չէ, որ ինչ-որ առիթով Գագիկն ասել է. «Կանչս հաճախ անարձագանք մնաց…»։

 

Գագիկի համար պարը պարզապես շարժում չէր, այլ ժողովրդի պատմությունը, հիշողությունն ու ինքնությունը կրող կենդանի լեզու։ Հիշում եմ՝ 2017 թ. մարտի 20-ին Բերձորում «Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներին հիմնադրամ»-ի գործադիր տնօրեն Գուրգեն Մելիքյանի կազմակերպմամբ ծառատունկ էր, որին մասնակից էր նաև «Կարին»-ը՝ Գագիկի գլխավորությամբ։ Այդ օրը հիմնվեց նաև պուրակ՝ նվիրված Լեոնիդ Ազգալդյանին։ Եվ այս պուրակի ծառերը տնկվեցին «Կարին»-ի կողմից։ Յուրաքանչյուր տնկումից հետո սկսվում էր ազգագրական պարը։ Լուսանկարում էի․ հիանում պարով։ Պարում էր նաև Անմահ հերոս Հարություն Ստեփանյանը։ Եվ Լեոնիդին նվիրված նորատունկ այգում «Կարին»-ը պատմություն էր կերտում ազգագրական պարերով։

 

2021-ի ապրիլի 24-ին Սպիտակավորում՝ Գարեգին Նժդեհի շիրմաքարի մոտ, Գագիկը կատարեց «Չալմը դանգը» Մուսա լեռան հարսանեկան ռազմապարը։ Անմոռանալի պահ ու պատմություն։ Պարը կատարվեց «Կարին» խմբի կողմից նաև հոկտեմբերի 12-ի համերգի ընթացքում։ Իսկ համերգը սկսվեց «Կարին»-ի ռազմահայրենասիրական պարերով՝ «Հիրար խետ» կանչով։

Գագիկը պարերն էր պեղում ժողովրդից, ինչպես Կոմիտասը հայ երգը փրկեց՝ մեծ ժամանակ աշխատելով հասարակ ժողովրդի հետ։ Ժողովրդի հիշողությունը հզոր է՝ «Սասնա ծռեր-Սասունցի Դավիթ» էպոսը մեզ հասավ դարեր շարունակ բանավոր՝ շուրթից շուրթ հնչելով։ Նույն ճանապարհով նաև երգն էր գալիս։ Այլ է պարը՝ այն կենդանի էակ է, պետք է ճիշտ կառավարել։ Ու Գագիկը գտավ պարը կառավարելու ուղին։

«Ամեն սերունդ ազգի պատմագրքին մի նոր էջ է ավելացնում, բայց կարևորն այն է, թե հետո ազգն այդ էջը կուզենա մոռացության մատնել կամ ոչնչացնել, թե մեր պատմագրքի տիտղոսաթերթ կդարձնի», — ասում էր նա։ Էկրանին նաև Կարին քաղաքի պատկերն էր, որտեղից են Գագիկի արմատները, նրանց տոհմածառը։

Գ. Գինոսյանը ծնվել է 1966 թ. օգոստոսի 3-ին Ախալցխա քաղաքում, վախճանվել 2024 թ. փետրվարի 6-ին սրտի կաթվածից։ Գինոսյանների ընտանիքը Կարին քաղաքից մի քանի կիլոմետր հյուսիս-արևմուտք գտնվող Եղեգիս փոքր քաղաքից էր։ Չնայած մասնագիտությամբ կիբեռնետիկ էր, բայց շատ էր տարված պարով ու 1987 թվականից հանդես է եկել Հայրիկ Մուրադյանի «Վան» ազգագրական խմբում։ 2001-ին հիմնադրել էր «Ծովակ» և «Կարին» ավանդական երգի-պարի խմբերը, մինչ այդ ու դրանից հետո զբաղվել է նաև բանահավաքչական գործունեությամբ։

2011-ին «Կարին» համույթը, Գ. Գինոսյանի ղեկավարությամբ, Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել է Իսպանիայում անցկացվող ազգային պարերի 14-րդ համաշխարհային մրցույթ-փառատոնին և ճանաչվել առաջինը։ Գինոսյանն ուսումնասիրել և վերականգնել է մոտ 40 պար, որոնց առաջին կատարողն է եղել «Կարին»-ը։ 2007 թ. հիմնել էր «Ազգագրության թատրոնը» և իր ղեկավարած «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հետ բեմադրել իր հեղինակային 3 ներկայացում՝ Հայրիկ Մուրադյանին նվիրված «Հայոց երգի հայրիկը», «Խնկահոտ Էրգիր» և «Վարք հայոց»։ 2014 թվականին բեմադրել է «Խաչ պատերազմի» ներկայացումը։ Այս ամենի մասին համերգի ընթացքում հնչեց էկրանից։

 

Գագիկի առաջին գիրքը՝ «Ողջո՜ւյն, տղե՛րք»-ը, որում արձակ բանաստեղծություններ են, աֆորիզմներ, հրապարակախոսական հոդվածներ ու նյութեր, լույս է տեսել 2006-ին։ Նվիրված է Եռաբլուրի Անմահ հերոսներին, Արցախյան առաջին պատերազմին։

Էկրանից հնչեց նաև «Ողջույն տղերք» արձակ բանաստեղծությունը, որը, ինչ խոսք, մեծ հույզեր առաջացրեց դահլիճում։ Ու մեծ ոգևորություն էին պարգևում հանդիսատեսին յուրաքանչյուր պար, կատարված մեներգերը։ Ու ծափողջույններն անպակաս էին։ Ինչ խոսք, «Կարին»-ի համերգներում անպակաս է «Յարխուշտա» պարը՝ որն ուժ է ու զորություն։

Համերգի ավարտին Գ. Գինոսյանի դուստրը՝ «Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար Անի Գինոսյանն ասաց. «25 տարին բավականին երկար ճանապարհ է, և շատ կարևոր է, թե այս ճանապարհի ընթացքում ինչեր ենք հասցրել անել։ Իսկ «Կարին»-ը վաղուց ոչ միայն երգի ու պարի խումբ է, այլ նաև՝ համայնք, որն իր շուրջ միավորում է տարբեր մարդկանց, ովքեր կիսում են նույն գաղափարներն ու արժեքները։ Թեկուզ, եթե աշխարհի տարբեր ծայրերում են, միևնույն է՝ ծառայում են նույն գործին, որի գաղափարի հեղինակը եղել է մեծ մարդ, ով ուղղակի հավատացել է իր գաղափարին ու նվիրումին»։

Շնորհակալություն հայտնեց հանդիսատեսին, աջակիցներին՝ «Նարեկացի արվեստի միություն», «Գաֆեսճյան հիմնադրամ», «Տերյան» մշակութային կենտրոն և այլն, իր խմբին՝ պարուսույց՝ Աբել Մաթևոսյան, խմբավար՝ Ժաննա Դավթյան։ Իսկ հանդիսատեսը հոտնկայս ծափահարում էր։ Ու կարծում եմ՝ այդ արձագանքն ուղղված էր Գագիկի կանչին։

Զոհրաբ Ըռքոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment