Եվրամիության պատժամիջոցները կարող են խոչընդոտել Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև դիզելային վառելիքի մատակարարման գործարքի իրականացմանը։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Այն, որ դա կարող է խոչընդոտել գործարքի իրականացմանը, անկասկած է: Եվրոպական ցինիզմի թեման, ինչպես դա ձևակերպել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը, լայնորեն քննարկվում է համաշխարհային լրատվամիջոցներում։ Բանն այն է, որ եվրոպական երկրները, ինչպես և աշխարհի մյուս բոլոր երկրները, ռուսական նավթի և նավթամթերքի ակտիվ գնորդներ են»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։
Պեսկովն այսպես է պատասխանել հարցին՝ արդյո՞ք Մոսկվան ռիսկեր է տեսնում, որ Եվրոպան նոր պատժամիջոցներ սահմանելով կամ այլ միջոցներով կխոչընդոտի ռուս-ամերիկյան գործարքի իրականացմանը։
Ավելի վաղ Politico-ն, հղում անելով աղբյուրներին, հաղորդել էր, որ եվրոպացի առաջնորդները պատրաստվում են հոկտեմբերի 15-ին կայանալիք ԵՄ գագաթնաժողովում պահանջել խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ ի պատասխան Պուտինի և Թրամփի միջև ԱՄՆ դիզելային վառելիք մատակարարելու վերաբերյալ ձեռք բերված գործարքի։
Պեսկովը նաև հայտարարել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների միջև դիզելային վառելիքի գործարքի և ուկրաինական ճգնաժամի հարցում Ռուսաստանի դիրքորոշման միջև ուղղակի կապ չկա։
«Ես այստեղ որևէ ուղղակի կապ չեմ տեսնում։ Սա ռուս-ամերիկյան համագործակցության փոխշահավետ ուղղություն է, որը համապատասխանում է ԱՄՆ-ի, համաշխարհային էներգետիկ շուկաների և Ռուսաստանի շահերին։ Հենց այդ պատճառով էլ դա տեղի է ունենում»,- ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը։
Այսպես նա մեկնաբանել է հաղորդումները, որ ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչներն ուկրաինացի բանագնացների հետ վերջերս կայացած բանակցությունների ընթացքում հույս են հայտնել, որ Ռուսաստանից դիզելային վառելիքի՝ երկիր և համաշխարհային շուկա մատակարարումների արգելքը վերացնելու ԱՄՆ որոշումը Մոսկվայի դիրքորոշումն Ուկրաինայի շուրջ բանակցություններում կդարձնի ավելի ընդունելի, իսկ Ռուսաստանին՝ ավելի զիջող։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի