«Պիտի լուրջ հետևություններ անել և կտրուկ միջոցների գնալ, որպեսզի բանակում գոնե մինիմալի հասցվեն նման ցավալի դեպքերը»․ Մամիկոն Ասլանյան

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մամիկոն Ասլանյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ բանակում գրանցվող մահացության դեպքերին եւ հարցին, թե «Ուժեղ Հայաստան»-ի նախաձեռնությունը՝ ստեղծելու ԱԺ քննիչ հանձնաժողով՝ Շաքիում տեղի ունեցած դեպքի եւ բանակում ինքնասպանությունների դեպքերի ուսումնասիրության նպատակով, ի՞նչ փուլում է։

«Հանձնաժողովի ստեղծման մասին քննարկումները կան, կստեղծվի այդ հանձնաժողովը մեր նախաձեռնությամբ։ Ամեն դեպքում, արմատախիլ անել, ամբողջությամբ վերացնել, հանել բանակի միջից այն բարքերը, որոնք հասարակությունում կան, հնարավոր չէ, բայց վերջին շրջանում մենք տեսնում ենք այդ ցավալի դեպքերի ինտենսիվությունն ու զգալի աճը։ Հետևաբար, դրանք լուրջ քննության առարկա են: Ես կարծում եմ՝ բանակի կառավարման մեջ էլ մեծ խնդիր կա՝ թե հրամանատարական կազմի, թե ընդհանուր պաշտպանության նախարարության քաղաքականության մասով։ Դրա համար պիտի լուրջ միջոցառումներ ձեռնարկվեն, որպեսզի մեր բանակում գոնե մինիմալի հասցվի նման ցավալի դեպքերի քանակը։ Մենք առաջ թշնամու կողմից զոհերի մասին էինք խոսում՝ տարվա կտրվածքով ինչ-որ դեպքերի մասին, բայց ցավալիորեն միայն այս վերջին տարում արդեն երկու-երեք տասնյակի հասնող դեպքեր ունենք բանակում, որը, կարծում եմ, լուրջ քննարկման և հետևություններ անելու հարց է։ Նաև պատասխանատվության խնդիր պիտի առաջանա, որովհետև, կներեք, զուտ քննարկելով հարցը լուծում չի ստանում, պիտի լուրջ հետևություններ անել և կտրուկ միջոցների գնալ բանակի կառավարման քաղաքականության և այդ ներքին կանոնակարգի պահպանմանն ուղղված միջոցառումների մասով»,- ասաց նա։

Այն, որ ՔՊ-ն դեմ է «Ուժեղ Հայաստան»-ի՝ քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանը, Մամիկոն Ասլանյանն այսպես մեկնաբանեց․ «Գիտեք, հիմա պաշտպանության, անվտանգության հանձնաժողովում նորմալ ներկայություն ունենք, կորոշենք։ Սա ավելի լայն քննարկման խնդիր է և ավելի մեծ պատասխանատվության խնդիր, քան հանձնաժողովներում քննարկելն ու քնեցնելը»:

Անդրադառնալով Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրաժարականի պահանջին՝ Մամիկոն Ասլանյանն ասաց․ «Մենք մի քիչ խտացնում ենք գույները: Ոչ թե հենց միայն Շաքիի դեպքից հետո է Սուրեն Պապիկյանի կամ այլ պաշտոնյաների պաշտոնանկության խնդիրը դրվել, այլ բանակում ու ընդհանրապես մեր շուրջը անվտանգային առումով տեղի ունեցող վերջին շրջանի իրադարձությունների համատեքստում: Շաքին այդ դեպքերից ամենացայտունն է, երբ թշնամու զինվորն անխոչընդոտ մի քանի օր գտնվել է Հայաստանի Հանրապետության տարածքում, և մենք, մեր իշխանությունների ասած՝ ունենալով տեխնիկական զինվածության բարձր աստիճան, ինչպես իրենք են թմբկահարում, որևէ միջոցառում արդյունք չի տվել, որպեսզի հայտնաբերեն նրան օր առաջ։ Եվ ցավալիորեն այդ ստահակը հայտնաբերվել է մեր քաղաքացու բնակարանում ու մեծ վնաս է պատճառել: Խնդիրն ավելի շատ դրա մեջ է՝ ինչպե՞ս է ստացվում, որ թշնամու զինվորն անխոչընդոտ անցնում է Հայաստանի Հանրապետության սահմանը, երկու-երեք օր շարունակ գտնվում է ՀՀ-ում, և որևէ ներգործության, ահազանգման միջոցով չեն կարողանում հայտնաբերել ու գտնել նրան՝ ոչ անվտանգության ծառայությունները, ոչ ՊՆ-ն, ոչ ոստիկանությունը»։

«Շաքիի դեպքը, բանակում տեղի ունեցող երևույթներից մեկն ՝ սկսած Ազատի կացարանի հրդեհից ու 15 զոհերից այս կողմ մեծ շղթա կա, և այդ շղթան պիտի պատասխանատվության մեծ զգացումով քանդվի։ Եվ պետք է պատասխանատվության ենթարկվեն այն մարդիկ, ովքեր իրականում պատասխանատու ե մեր բանակի ու անվտանգային միջոցառումների համար»։

Ըստ Ասլանյանի՝ բանակն ամբողջ հասարակության ամենազգայուն կետերից մեկն է, և բանակում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն ոչ միայն պաշտպանության նախարարի ու վարչապետի պատասխանատվության ու էմոցիոնալ տեսադաշտում է, այլ նաև ողջ հասարակության։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment