«Մի խփնված ադրբեջանցի է մտել, շոու եք սարքում, կմտածեն՝ էս կտցրուկը գնացել, սաղ Հայաստանը վախից թպրտում է»․ Սասուն Միքայելյանը՝ ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

«Մենք եկել ենք գործին օգուտ տա՞նք, թե՞ քաղաքականացնենք։ Տղերքն ասում են, որ Մեղրիի դեպքերը, երբ եղան, ի՞նչ հետևություններ եղան, մեր հանձնաժողովը հետևողական եղա՞վ, պարզաբանեցի՞ն։ Ես այս նախաձեռնությանը դեմ եմ, դեմ եմ, որ պատկան մարմիններին կանչենք, նախաքննությունից առաջ հարցեր տանք։ Կգան, կասեն՝ դեռ նախաքննական փուլում է։

Մեր խնդիրն այն է, որ հետևողական լինենք, որ նման բաներ չկրկնվեն»,- ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների այն առաջարկին, որ հանձնաժողովը հրավիրի պատկան մարմիններին և Շաքի բնակավայր ադրբեջանցի զինծառայողի ներթափանցման հարցով պարզաբանումներ պահանջի։

Տեղեկացրել ենք՝ 4 ընդդիմադիր պատգամավորներ պահանջում էին, որպեսզի հանձնաժողովը հրավիրի ՊՆ նախարարին, ՆԳ նախարարին և ԱԱԾ տնօրենին ու պահանջի պարզաբանում այն մասին, թե «Պաշտպանության մասին», «Պետական սահմանի մասին», «ԱԱԾ-ի մասին» և հարակից օրենքների և դրանց հիման վրա ընդունված օրենքներով ո՞ր կարգավորումներն են խախտվել, որոնք հանգեցրել են Շաքիում ադրբեջանցի զինծառայողի հայտնվելուն, և ինչով է պայմանավորված վերջինիս՝ ժամանակին չհայտնաբերվելը»։

Անդրադառնալով այն մտահոգություններին, որ այդ միջադեպից հետո Շաքիում մարդիկ ահաբեկված են, Սասուն Միքայելյանն ասաց․ «Ինչ վերաբերում է, որ ասում են՝ ահուսարսափ է․․․ Մի հատ խփնված ադրբեջանցի է մտել մեր գյուղ, մենք էս բարձր ամբիոնից շոու ենք սարքում։ Կմտածեն՝ էս կտցրուկը գնացել, սաղ Հայաստանը վախից թպրտում է»։

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment