Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հայտարարությունը․
Մենք՝ ներքոստորագրյալ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներս և բնական միջավայրի վիճակով մտահոգ քաղաքացիներս, դատապարտում ենք Ամուլսարում ոսկու հանքավայրի շահագործման մեկնարկը՝ տարիներ շարունակ բարձրաձայնված էական բնապահպանական և սոցիալ-տնտեսական խնդիրների վերաբերյալ որևէ իրատեսական և փաստարկված հակադարձում չլինելու պայմաններում։
2026 թվականի հոկտեմբերի 10-ին՝ Երևանում կայանալիք ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովից՝ COP17-ից ընդամենը մի քանի օր առաջ, Հայաստանի կառավարության կողմից Ամուլսարի հանքավայրի բացման մասին պաշտոնական հայտարարությունը և հանդիսավոր արարողությունը խիստ հանդուգն և անպատասխանատու քայլ է։ Արարողությունը, որին մասնակցեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղեկցվեց ամբողջ արդյունաբերական ցիկլի արդյունք հանդիսացող ոսկու ձուլակտորի ցուցադրմամբ։ Այս ցուցադրությունն ուղղակիորեն հարվածեց COP17-ի ողջ գործընթացին և Հայաստանի վարկանիշին՝ որպես COP17-ը նախագահող երկրի։ Որպես COP17 նախագահող երկիր՝ Հայաստանը միջազգային հանրությանը փորձում է ներկայանալ կանաչ օրակարգով, մինչդեռ երկրի ներսում տրվում է էկոլոգիական աղետի մեկնարկը՝ կոպտորեն խախտելով միջազգային կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունները և հարցականի տակ դնելով կառավարության բնապահպանական նպատակների ու հայտարարությունների անկեղծությունը։
Տարիներ շարունակ կրկնում ենք և փորձում ՀՀ կառավարության ու տարբեր ֆինանսավորող դերակատարների ուշադրությանը հասցնել Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրին առնչվող հիմնական իրավական և էկոլոգիական ռիսկերը։ Ստորև թվարկված են դրանցից մի քանիսը՝
- Միջազգային պարտավորությունների տապալում. Վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին եվրոպական (Բեռնի) կոնվենցիայի Մշտական կոմիտեն և Բյուրոն բազմաթիվ որոշումներով Հայաստանի կառավարությունից պահանջել են դադարեցնել բոլոր աշխատանքներն Ամուլսարում և հանքավայրի շահագործման համար իրականացնել շրջակա միջավայրի վրա ազդեցության նոր գնահատում (ՇՄԱԳ), վերանայել ու հաստատել «Էմերալդ» էկոլոգիական ցանցի` hատուկ պահպանության արժեք ունեցող տարածքների ցանկը և հաստատել «Ջերմուկ» ազգային պարկը՝ որպես կենսաբազմազանության պահպանության տարածքներ։ Կոմիտեի դիրքորոշման մեջ հստակ նշվում է, որ դա հնարավոր է իրականացնել, քանի դեռ հանքը չի շահագործվում։ Բեռնի կոնվենցիայի քարտուղարության հետ հաղորդակցության մեջ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հայտնել է, որ Ամուլսարի նախագծի վերաբերյալ տեղի են ունենում բարելավման աշխատանքներ և ընդգծել, որ ELARD և TRC կազմակերպությունների փորձաքննության արդյունքները տրամադրվել են համապատասխան պետական հաստատություններին մասնագիտական գնահատական տրամադրելու համար։ Հանքի շահագործման մեկնարկը տապալում է Բեռնի կոնվենցիայի շրջանակներում ՀՀ կառավարության հետ ցանկացած երկխոսություն և հարվածում մեր երկրի միջազգային վարկանիշին։
- Պաշտոնապես արձանագրված խախտումների անտեսում. ՀՀ կառավարությունը միտումնավոր անտեսում է իր իսկ նախաձեռնությամբ մշակված կարևորագույն պաշտոնական փաստաթուղթը՝ ELARD և TRC կազմակերպությունների 2019 թվականի հաշվետվությունը Ամուլսարի ոսկու հանքավայրի ջրային ռեսուրսների և երկրաբանության, կենսաբազմազանության և օդի որակի վրա ունեցած ազդեցությունների վերաբերյալ, որը համակարգված կերպով բացահայտել է տասնյակ խոշոր բացթողումներ, սխալ հաշվարկներ և անճշտություններ Ամուլսարի ներկայիս ՇՄԱԳ փաստաթղթերում, որոնք վերաբերում են ջրային ռեսուրսների սխալ մոդելավորմանը, թթվային դրենաժի սխալ հաշվարկներին, սեյսմիկ ռիսկերի անտեսմանը, կենսաբազմազանության գնահատումներին և այլ կենսական նշանակության խնդիրներին։ Ավելին, այս ուսումնասիրությունը և դրան առնչվող քրեական գործի հետ կապված բոլոր փաստաթղթերը հեռացվել են պաշտոնական կայքերից։
- Անդառնալի էկոլոգիական աղետ. Հայաստանյան և օտարերկրյա բազմաթիվ փորձագետներ կարծում են, որ Ամուլսարում ոսկու կորզման համար օգտագործվող ցիանային եղանակը ամենավտանգավոր քիմիական գործընթացներից մեկն է, իսկ վթարի կամ որևէ այլ պատճառով արտահոսքի դեպքում վտանգվելու է Արփա գետի էկոլոգիան։ Նրանք նաև համոզիչ կերպով հիմնավորել են, որ Ամուլսարի հանքավայրի շահագործման պարագայում առաջանալու է ապարների թթվային դրենաժի չափազանց բարձր և երկարաժամկետ ռիսկ՝ սպառնալով Արփա ու Որոտան գետերին, Որոտան-Արփա-Սևան թունելի միջոցով՝ Սևանա լճի ողջ էկոհամակարգին, ինչպես նաև Ջերմուկի հանքային ջրերին և տարածաշրջանի այլ ստորերկրյա ջրերին։
- Ջերմուկ առողջարանային քաղաքի վտանգում. Ջերմուկը կայուն զարգացող առողջարանային կենտրոնից վերածվելու է հանքարդյունաբերական ժամանակավոր բանավանի։ Քաղաքի էկոլոգիան արդեն իսկ վատթարանում է հանքավայրի շահագործման նպատակով իրականացվող շինարարական ու պայթեցման աշխատանքների պատճառով։ Հանքի պաշարների սպառումից հետո, կարճաժամկետ շահույթների դադարեցմամբ, մեզ սպառնում է հերթական լքված ու դատարկված բնակավայրն (ինչպես Դաստակերտն ու Սոթքը) ունենալու ճակատագիրը։
Հայաստանի կառավարությունը գնալով կորցնում է կապը հանրության և հանրային շահի գիտակցման հետ։ Դեռևս 2019 թվականից, երբ վարչապետ Փաշինյանն առաջին անգամ փորձ արեց համոզել՝ ընդունելու Ամուլսարում հանքի բացումը, հանրության արձագանքը հստակ էր։ Հետագայում ևս քաղաքացիական հասարակությունը բազմիցս արտահայտել է իր բողոքը, այդ թվում՝ «Լիդիան Արմենիա» ընկերության բաժնետոմսերի 12,5%-ը՝ ՀՀ կառավարությանը «նվեր» տալու փաստի առթիվ։
Ամուլսարի հարցում կառավարության գործողությունները՝ հանրային կարծիքի և մարդու իրավունքների բացահայտ անտեսումը, անհաշվետու վարքագիծը վկայում են, որ հանրային իշխանությունները որդեգրել են նախորդներին բնորոշ այնպիսի վարքագիծ, որը հանգեցրեց իշխանության ապալեգիտիմացմանը և սկիզբ դրեց հանրային բողոքի լայն ալիքին։
Հայաստանի բնությունը, ջրային պաշարները և համայնքների ապագան չեն կարող վտանգվել առանց հանրային հաշվետվողականության և անվտանգության պատշաճ հիմնավորման։
Մենք անընդունելի ենք համարում հանրային նշանակության այս ռիսկերի անտեսումը։ COP17-ի և այլ միջազգային հարթակների շրջանակում այս հայտարարությունը և այն հիմնավորող փաստաթղթերը կներկայացնենք համապատասխան միջազգային կազմակերպություններին ու գործընկերներին՝ պահանջելով իրենց լիազորությունների շրջանակում գործնական քայլեր ձեռնարկել հնարավոր ծանր և անդառնալի բնապահպանական վնասը կանխելու համար։
Մենք պահանջում ենք՝
- Անհապաղ դադարեցնել հանքի շահագործումը և դրան ուղղված աշխատանքները՝ պահպանելով տարածքի անվտանգության ու աղտոտման կանխարգելման անհրաժեշտ միջոցառումները, և վերանայել շահագործումը թույլատրած որոշումները։
- Ապահովել Բեռնի կոնվենցիայի Բյուրոյի հանձնարարականների պատշաճ կատարումը․ այն է՝ իրականացնել շրջակա միջավայրի վրա ազդեցության նոր գնահատում և կասեցնել ընդերքօգտագործման բոլոր թույլտվությունները մինչև ՇՄԱԳ նոր գործընթացի ավարտը։
- Հիմնավորել «Էմերալդ» ցանցի թեկնածու տարածքների ցանկը և զեկուցել «Ջերմուկ» ազգային պարկի ստեղծման առաջընթացի մասին` իր սկզբնապես հաստատված տարածքում, որը ներառում է Ամուլսարը։ Սահմանների ցանկացած փոփոխություն կարող է հիմնավորվել միայն գիտական, այլ ոչ՝ տնտեսական կամ քաղաքական փաստարկներով և միջազգային թույլատրելի ընթացակարգերին համապատասխան։
- Հրապարակել ELARD և TRC և պետական մարմինների արձանագրած յուրաքանչյուր էական խնդրի վերաբերյալ ձեռնարկված միջոցառումները և դրանց արդյունքում նախագծային փաստաթղթերում կամ հաշվետվություններում իրականացված փոփոխությունները, որոնք ենթադրաբար, ՀՀ կառավարության կարծիքով, «վերացրել են» ռիսկերը։
- Սահմանված ընթացակարգերով վերանայել Ամուլսարի շահագործման ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության կողմից 150 միլիոն դոլարի չափով Ամերիաբանկին տրամադրված բյուջետային երաշխիքը և դադարեցնել պետության մասնակցությունն այդ աղետալի ծրագրում։
- Վերանայել Հայաստանի հանքարդյունաբերական քաղաքականությունը՝ հետագա որոշումների հիմք դարձնելով հանրության պատշաճ մասնակցությունը և որակյալ ՇՄԱԳ գործընթացը, ջրային անվտանգությունը, կենսաբազմազանության պահպանումը և համայնքների երկարաժամկետ բարեկեցությունը։
Ստորագրող կազմակերպություններ, նախաձեռնություններ և քաղաքացիներ՝
- Սոնա Այվազյան, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ, Հայաստանի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) բազմաշահառու խմբի (ԲՇԽ) անդամ
- Արթուր Գրիգորյան, «Էկոլոգիական իրավունք» ՀԿ, ԱՃԹՆ ԲՇԽ անդամ
- Վիկտորյա Բուռնազյան, «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ, ԱՃԹՆ ԲՇԽ անդամ
- Օլեգ Դուլգարյան, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ, ԱՃԹՆ ԲՇԽ անդամ
- Հռիփսիմե Քոչարյան «Հաջողակ կին» ՀԿ, ԱՃԹՆ ԲՇԽ անդամ
- Արսեն Արսենյան, «Առողջ միջավայր» ՀԿ, ԱՃԹՆ ԲՇԽ անդամ
- Ինգա Զարաֆյան, «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ
- Թեհմինե Ենոքյան, «Կանաչ Հայաստան» ՀԿ
- Գարեգին Միսկարյան, «+374 քաղաքական ինքնորոշման ակումբ» ՀԿ
- Լևոն Գալստյան, «Հայկական բնապահպանական ճակատ» կամավորական նախաձեռնություն
- Աննա Շահնազարյան, «Հայկական բնապահպանական ճակատ» կամավորական նախաձեռնություն
- Անի Խաչատրյան, «Հայկական բնապահպանական ճակատ» կամավորական նախաձեռնություն
- Արփինե Գալֆայան, «Հայկական բնապահպանական ճակատ» կամավորական նախաձեռնություն
- Արաքս Մելքոնյան, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ
- Գենյա Պետրոսյան, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
- Լևոն Բարսեղյան, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
- Շավարշ Մարգարյան, «Ցիտադել» ՀԿ
- «Կանաչ խորհուրդների դաշնություն» էկո-ակտիվիստական շարժում
- «Առողջ Հրազդան» քաղաքացիական նախաձեռնություն
- Զարուհի Հովհաննիսյան, «Արդարության նոր մշակույթ» ՀԿ
- Անահիտ Սիմոնյան, «Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ
- Վարդուհի Ցոլակյան, «ՕՐԲԻՍ ՀԿ» հիմնադիր, Կանաչ խորհուրդների դաշնություն
- Հայկ Աբրահամյան, Կանաչ խորհուրդների դաշնություն
- Աննա Մարալյան, «Իրավունքի կենտրոն» ՀԿ
- Կարինե Մարգարյան, «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ
- Ժաննա Ալեքսանյան, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ
- Նատալյա Մարտիրոսյան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե
- Գայանե Աբրահամյան, «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ
- Վարդուհի Անանյան, «Սինեմարթ» երիտասարդական ՀԿ
- Վիգեն Մնացականյան, «Մեղվաբուծության զարգացման և ուսուցման կենտրոն» ՀԿ
- Արփինե Խաչատրյան, «Կորիզ» Այգեզարդի երիտասարդական և համայնքային զարգացման կենտրոն ՀԿ
- Անի Սարգսյան, «Իմպուլս» երիտասարդական ՀԿ
- Նաիրա Նահապետյան, «Ապահով անկյուն» սոցիալ-կրթական ՀԿ
- Անժելա Ստեփանյան, «Տարածաշրջանային կայուն զարգացում» ՀԿ
- Տիգրան Մաթևոսյան, «Արմաշ» գյուղական համանքների աջակցման և զարգացման կենտրոն ՀԿ
- Ռուզաննա Ղազարյան, ՀՀ քաղաքացի, իրավագետ, քաղ.ծառայության 2-րդ դասի խորհրդական, «Դալմա-Սոնա» կրթա-մշակութային, սոցիալ-բնապահպանական հիմնադրամ
- Գևորգ Քոթանջյան, «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ
- Մայա Բարխուդարյան, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ
- Մհեր Կարագոզյան, «Հանրային վերահսկողություն» ՀԿ
- Շուշանիկ Հարությունյան, Հայկական կլիմայական արդարության նախաձեռնություն
- Արփինե Երիցյան,«Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» ՀԿ
- Ամալիա Համբարձումյան «Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ
- Հենրիկ Մկրտչյան, ՀՀ քաղաքացի
- Գայանե Շագոյան, ՀՀ քաղաքացի
- Լալա Ասլիկյան, ՀՀ քաղաքացի
- Նինա Մամաջանյան, ՀՀ քաղաքացի
- Գոռ Հակոբյան, ՀՀ քաղաքացի
- Արծրուն Անդրեասյան, ֆերմեր
- Սերյան Ենոքյան, ՀՀ քաղաքացի
- Հերմինե Մարտիրոսյան, ՀՀ քաղաքացի
- Աննա Հովսեփյան, ՀՀ քաղաքացի
- Վարդուհի Բարսեղյան, ՀՀ քաղաքացի
- Մարիամ Մկրտչյան, ՀՀ քաղաքացի
- Հարություն Բաբաջանյան, ՀՀ քաղաքացի
- Նինա Մարտիրոսյան, ՀՀ քաղաքացի
- Լուսինե Գալստյան, ՀՀ քաղաքացի
- Հրաչ Գևորգյան, ՀՀ քաղաքացի
- Անի Ավետիսյան, ՀՀ քաղաքացի
- Ելենա Ամիրյան ՀՀ քաղաքացի
- Գևորգ Ասլանյան, ՀՀ քաղաքացի
- Հուսիկ Մարտիրոսյան, ՀՀ քաղաքացի
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: