«Ուզում ենք զարգացնել ՌԴ-ի հետ հարաբերությունները, բայց չենք ուզում դրանք նույնը լինեն, ինչ նախկինում»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Երկար տարիներ Հայաստանը չափազանց կախված է եղել Մոսկվայից, սակայն այսօր երկիրն իրականացնում է արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման և հավասարակշռման քաղաքականություն»,- Radio France International-ին տված հարցազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նշելով. «Այդ գործընթացի նպատակը ոչ թե Ռուսաստանից կախվածությունը մեկ այլ կենտրոնով փոխարինելն է, այլ պետական անկախության ամրապնդումը։ Միևնույն ժամանակ, Երևանը չի ձգտում խզել հարաբերությունները Մոսկվայի հետ, թեև դրանք արդեն չեն կարող նույնը լինել, ինչ նախկինում»։

Անդրադառնալով արտաքին քաղաքականության վերափոխմանը՝ Փաշինյանն ընդգծեց, որ անկախության ամրապնդումը ենթադրում է «քչերից կախվածությունը փոխարինել շատերից կախվածությամբ»։

«Հայաստանի քաղաքականությունը ոչ թե Ռուսաստանից կախվածությունը մեկ այլ կենտրոնով փոխարինելն է, այլ որևէ մեկից միակողմանի կախվածություն չունենալը։ Արտաքին հավասարակշռված քաղաքականությունն արտահայտվում է քաղաքացիների և տնտեսվարողների համար այլընտրանքների ստեղծմամբ սկսած գյուղմթերք արտադրողներից մինչև խմիչք արտահանողներն ու ներմուծողները»,- ասաց Փաշինյանը։

Մեկնաբանելով Եվրոպական միությանն անդամակցելու հնարավոր հանրաքվեի մասին խոսակցությունները՝ վարչապետն արձանագրեց, որ ընթացիկ տարում հանրաքվե անցկացնելն անիրատեսական է, քանի որ Հայաստանը դեռևս պաշտոնապես չի դիմել ԵՄ-ին։

«Պաշտոնական Երևանն ազնվորեն փաստում է, որ Հայաստանն այսօր պատրաստ չէ ԵՄ անդամակցությանը, քանզի դեռևս անհրաժեշտ է իրականացնել բազմաթիվ բարեփոխումներ՝ եվրոպական չափանիշներին համապատասխանելու համար։ Հայտ ներկայացնելն ինքնանպատակ չէ և ենթադրում է գործընթացի որոշակի հասունացվածություն: Ներկայումս ակտիվ աշխատանք է ընթանում Եվրոպական միության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում«։

Անդրադառնալով Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջև ընտրություն կատարելու պահանջների վերաբերյալ հարցին, Փաշինյանը նշեց, որ քաղաքական գործիչների և կառավարությունների առաքելությունը հենց «անլուծելի հավասարումներ» լուծելն է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան

Leave a comment