COP17-ի գովազդի համար շուրջ 452 մլն դրամ է նախատեսվել․ պատգամավորները դժգոհ են ծախսերից

Հայաստանում անցկացվելիք COP17 համաժողովի գովազդային արշավի համար շուրջ 452 մլն դրամի պայմանագրեր են կնքվել, ընդ որում՝ նույն կազմակերպության հետ և առանց մրցույթի։ ԱԺ–ում Հայաստանում COP17-ի անցկացման վերաբերյալ համաձայնագրի վավերացման հարցի քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լենա Մաթևոսյանը։

Պատգամավորը նշեց` իրենք դեմ չեն Հայաստանում միջազգային հեղինակավոր համաժողովների անցկացմանը, սակայն անընդունելի են համարում, երբ նման միջոցառումները կարող են վերածվել պետական գումարների անթափանցիկ ծախսման։

Նրա խոսքով` շրջակա միջավայրի նախարարությունը փետրվարի 23-ին նույն կազմակերպության հետ կնքել է գովազդային երեք պայմանագիր։

«Առաջինի համար հատկացվել էր շուրջ 54 միլիոն դրամ՝ հեռուստատեսային և լայնամասշտաբ գովազդային արշավի համար։ Երկրորդ պայմանագրով՝ մոտ 208 միլիոն դրամ՝ ոչ թվային արտաքին գովազդի ստեղծման և տեղադրման համար, իսկ երրորդի համար՝ 189 միլիոն դրամ՝ թվային արտաքին գովազդի ստեղծման և տեղադրման համար։ Ասեմ` որոնք են խնդիրները։ Շրջակա միջավայրի նախարարությունը փետրվարի 23-ին կնքում է այս երեք գովազդային պայմանագրերը և տալիս է 90% կանխավճար։ Ուշադրությո՛ւն՝ 90% կանխավճար դեռևս ոչ մի ծառայություն չմատուցած կազմակերպությանը՝ գովազդային արշավ իրականացնելու համար։ Կարող էր ինչ-որ բան պատահել, և գովազդային արշավը չիրականացվեր` հաշվի առնելով, որ 90% կանխավճար է տրամադրվում այն կազմակերպությանը, որը ձախողեց Սնուփ Դոգի համերգը»,– ասաց պատգամավորը։

Մաթևոսյանը պնդեց, որ երեք պայմանագրերում նշված աշխատակիցների աշխատանքային պարտականությունները հիմնականում կրկնվում են։ Ըստ նրա՝ յուրաքանչյուր պայմանագրում առանձնացված է մոտ 40 աշխատակից, սակայն աշխատանքների բնույթը համեմատելիս պարզ է դառնում, որ դրանք հնարավոր էր իրականացնել նաև մեկ պայմանագրով։

Պատգամավորը կասկածի տակ դրեց նաև կազմակերպության ընտրության ընթացակարգը։ Նրա պնդմամբ՝ շրջակա միջավայրի նախարարությունը երեք պայմանագրերն էլ կնքել է առանց մրցույթ անցկացնելու։

«Եթե տեղի չի ունեցել մրցույթ, մեզ բացատրեք, թե որոնք են ստանդարտները, որոնցով դուք ընտրել եք այս կազմակերպությանը»,– ասաց նա։

Մաթևոսյանի խոսքով՝ նույն կազմակերպության հետ են կնքվել նաև համաժողովի կապի, հաղորդակցության և տրանսպորտային ծառայությունների վերաբերյալ պայմանագրերը։ Նա պահանջեց պարզաբանել, թե ինչ չափանիշներով է ընտրվել այդ ընկերությունը, և ով է կայացրել համապատասխան որոշումը։

Խմբակցության մյուս պատգամավոր Լիանա Մանուկյանը, որը ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է, անդրադարձավ բրենդավորված ապրանքների գներին` նշելով, որ կառավարությունը COP17-ի բրենդային նվերների համար ծախսել է 290 մլն դրամ։

«Օրինակ՝ ձեռք է բերվել 16 500 հատ թերմոս՝ հատը 7800 դրամով։ Քանի որ COP17-ի հետ կապված բոլոր պայմանագրերում բացակայում են բնութագրիչները, ես շուկայի փոքրիկ վերլուծություն արեցի և ձեռք բերեցի մեր շուկայում առկա լավ որակի 4 տարբեր մոդելի թերմոս։ Դրանց արժեքը մանրածախ վաճառքում տատանվում էր 2000-ից մինչև 3500 դրամի սահմաններում։ Եթե անեի բրենդային տպագրություն, ապա կծախսեի ևս 1000 դրամ, այսինքն՝ մանրածախ առավելագույն գինը 4500 դրամն է։ Պետությունը բեյջի թել է ձեռք բերել 1248 դրամով՝ 19 700 հատ։ Երեկ ամբողջ օրը 55 դրամը գերազանցող բեյջի թել չկարողացանք գտնել»,- ասաց Մանուկյանը։

Ընդդիմադիր պատգամավորը մանրամասներ ներկայացրեց նաև էկոպայուսակների հետ կապված` շեշտելով, որ պետությունը 16500 հատ պայուսակ է գնել 3432 դրամով, որ կարող էր գնվել 3000 դրամով։ Ըստ նրա` նույն պատկերն է գնված բոլոր նվերների դեպքում։

Արձագանքելով պատգամավորների ելույթներին՝ ՀՀ արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը նշեց, որ Հայաստանը հյուրընկալում և ֆինանսավորում է համաժողովը, սակայն դրա անմիջական կազմակերպիչները ՄԱԿ-ի կառույցներն են, ուստի բոլոր գնումներն իրականացվում են նրանց սահմանած որակի պահանջներին համապատասխան։

Նշենք, որ այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկում է Հայաստանում ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) անցկացման վերաբերյալ համաձայնագրի վավերացման հարցը։

Հիշեցնենք` COP17-ը կանցկացվի 2026 թվականի հոկտեմբերի 19–30-ը Երևանում։

Sputnik Արմենիա

Leave a comment